Մատչելիության հղումներ

Ըստ Արիֆ Յունուսի` ադրբեջանական իշխանությունները «պատժել են» իրավապաշտպան կազմակերպությանը


Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը

Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը

Բաքվի կենտրոնում գտնվող «Խաղաղության եւ Ժողովրդավարության» ինստիտուտի շենքի հիմնահատակ ավերումը վրեժխնդրության դրսեւորում էր իշխանությունների կողմից: Նման համոզմունք է հայտնում հասարակական այս կազմակերպության հիմնադիրներից մեկը` հայտնի ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը:

Ադրբեջանական հեղինակավոր իրավապաշտպան այս կազմակերպության շենքը տարեսկզբին հայտնվել էր իրացման գոտում. այս թաղամասում Բաքվի իշխանությունները պատրաստվում են բարձրահարկներ կառուցել: Կազմակերպությանը հաջողվել էր դատական կարգով կասեցնել ապամոնտաժման աշխատանքները, սակայն անցած հինգշաբթի, ուշ երեկոյան, շենքը շինարարական տեխնիկայի օգնությամբ անսպասելիորեն քանդվեց:

Disput.az ադրբեջանական ինտերնետ ֆորումի այցելուների հարցերին պատասխանելով` Արիֆ Յունուսը շաբաթ օրը գրել է. - «Դեռ մի քանի շաբաթ առաջ նախագահ Ալիեւի անմիջական շրջապատից մենք ոչ պաշտոնական տեղեկություն ստացանք, որի համաձայն մինչեւ տարեվերջ մեր դեմ որեւէ գործողություն չի իրագործվելու: Այդ իսկ պատճառով ես եւ կինս` իրավապաշտպան Լեյլա Յունուսը, հանգիստ սրտով մեկնեցինք Նորվեգիա` մեր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպելու նպատակով: Մեր ուղեւորությունը, սակայն, համընկավ Բաքվի կենտրոնում իրականացվող շինարարության եւ մարդկանց բռնի վտարումների մասին հրապարակումների հետ: Բոլոր այդ հոդվածներում հղում կար ինձ եւ իմ կնոջը: Որոշիչը, սակայն, New York Times-ում օգոստոսի 10-ին հրապարակված հոդվածն էր, որն ընթերցել էր նաեւ անձամբ Իլհամ Ալիեւը»:

Արիֆ Յունուսի խոսքով, ինստիտուտի շենքը քանդելուց անմիջապես հետո իրեն են զանգահարել New York Times-ի խմբագրությունից եւ ներողություն խնդրել:

«Ամերիկյան թերթի աշխատակիցները եւս տեղյակ էին Իլհամ Ալիեւի արձագանքին», - -նշում է քաղաքագետը` ընդգծելով, որ կազմակերպության կրած ֆինանսական կորուստները չէ, որ իրեն հուզում են: - «Կորուստները շատ մեծ են, սակայն խոսքը համակարգիչների, հեռախոսների, աթոռների կամ գրասենյակային պահարանների մասին չէ: Ոչնչացվել է իմ ողջ անձնական արխիվը, որն ընդգրկում է 1987-ից 94 թվականների Ադրբեջանի պատմությանը վերաբերող փաստաթղթեր` թերթեր, հայտարարությունների տեքստեր, տարբեր նորաստեղծ կուսակցությունների մասին տեղեկություններ: Ես իմ արխիվը պատրաստվում էի պահ տալ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի գրադարանին, սակայն չհասցրեցի», - նշում է քաղաքագետը:

Արիֆ Յունուսը, կնոջ հետ միասին, պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Իշխանությունները քանդեցին մեր գրասենյակը, բայց մեզ կոտրել նրանց չի հաջողվի», - նշում է Յունուսը:
XS
SM
MD
LG