Մատչելիության հղումներ

logo-print

Հրանտ Տեր-Աբրահամյան. «Եթե նոր քաղբանտարկյալներ լինեն, երկխոսությունը իմաստազրկվում է»


ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստները, Երեւան, 9-ը օգոստոսի, 2011թ.

ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստները, Երեւան, 9-ը օգոստոսի, 2011թ.

Վերլուծաբանների կարծիքով, Հայ ազգային կոնգրեսը պետք է շարունակի երկխոսությունը իշխանության հետ` որպես դրա առաջնահերթ պայման բարձրացնելով կալանավորված ընդդիմադիր ակտիվիստների հարցը:

Երեքշաբթի օրը նախատեսվում է ՀԱԿ – իշխանություն երկխոսության շրջանակում հերթական հանդիպումը, ինչը սակայն կասկածի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ ՀԱԿ-ի երիտասարդական թեւի 7 ակտիվիստներ անցած երեքշաբթի ոստիկանների հետ միջադեպի արդյունքում բերման ենթարկվեցին ոստիկանություն, նրանցից 3-ը կալանավորված են: Երիտասարդների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

«Առայժմ իմաստ ունի հանդիպումը, որպեսզի կայանա, բայց, իհարկե, այդ հարցի վրա շեշտը դնելով», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը: - «Ամեն դեպքում, դեռ հուսով եմ, որ տեղի ունեցած միջադեպը պատահականության արդյունք էր, այլ ոչ թե մտածված սադրանքի»:

«Կարծում եմ, որ բավականին սառնասրտություն եւ կամք կունենա իշխանությունը, որպեսզի նոր քաղբանտարկյալներ չլինեն Հայաստանում: Իսկ եթե նոր քաղբանտարկյալներ լինեն, երկխոսությունը իմաստազրկվում է եւ ինքնին կտապալվի», - մեկնաբանելով զարգացումները` նշեց Հրանտ Տեր-Աբրահամյանը:

«Լրագիր» էլեկտրոնային պարբերականի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը եւս կարծում է, որ Կոնգրեսը կգնա իշխանական պատվիրակության հետ վաղը նախատեսված հանդիպմանը:

«Կգնա հենց ներկայացնելու խնդիրը, եւ կարծում եմ` հայտարարություններ կլինեն այդ կապակցությամբ: Միջադեպը երկխոսությանն վրա չի անդրադառնա որպես երկխոսությունը դադարեցնող գործոն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բադալյանը` հավելելով, թե երկու կողմերն էլ` ՀԱԿ-ը եւ իշխանությունները, միջադեպը կօգտագործեն երկխոսությանն ընթացքում միմյանց փոխադարձ պահանջներ ներկայացնելու, իրենց դիրքերը ուժեղացնելու համար:

«Իշխանությունը կփորձի երիտասարդների կալանավորման փաստը օգտագործել Կոնգրեսից ավելի մեղմ դիրքորոշում պահանջելու համար, մասնավորապես` արտահերթ ընտրությունների հետ կապված հարցադրման առումով: Կոնգրեսն էլ, բնականաբար, կփորձի իշխանության վրա ճնշում գործադրել նորից խաղարկելով քաղբանտարկյալների հանգամանքը` արդեն իսկ հայտարարվում է, որ ձերբակալված երիտասարդները քաղբանտարկյալ են», - պարզաբանեց քաղաքական մեկնաբանը:
XS
SM
MD
LG