Մատչելիության հղումներ

«Աճել է Լեռնային Ղարաբաղի բանակի մարտական պոտենցիալը»


Զինվորական շքերթ Ստեփանակերտում:
Զինվորական շքերթ Ստեփանակերտում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը ուրբաթ օրը հայտարարել է, որ զինված ուժերի մարտական պոտենցիալը ավելացել է շուրջ 20 տոկոսով:

Մովսես Հակոբյանը համոզված է, որ եթե սկսեն պատերազմական գործողություններ, անպայմանորեն կհաղթի հայկական կողմը:

Հարցին, թե որքանով հավանական է պատերազմական գործողությունների վերսկսումը, պաշտպանության նախարարը պատասխանեց. - «Եթե Ադրբեջանը գտնի, որ կարող է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով, հնարավոր է նաեւ ռազմական գործողությունների վերսկսումը»:

Լրագրողների հետ հանդիպմանը Մովսես Հակոբյանը նշեց, թե 2011 թվականը զինված ուժերում բարեփոխումների տարի է հայտարարված` հավելելով, որ մարտական պոտենցիալն ավելացել է մոտ 20 տոկոսով. - «Այս ժամանակաընթացքում բավականին փոխվել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի որակական եւ քանակական վիճակը»:

Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ հայկական կողմը չի պլանավորում առաջնագծից դուրս բերել դիպուկահարներին:

«2010 թվականին հակառակորդը խախտել է զինադադարի ռեժիմը 2595 անգամ: Այս տարի` արդեն 6566 անգամ», - հայտարարեց նախարարը` նշելով. - «Այստեղ նաեւ որակական փոփոխություն կա: Եթե նռնականետից անցյալ տարի կրակել է երկու անգամ, այս տարի` արդեն 10 անգամ»:

Անդրադառնալով Պաշտպանության բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարներին, պաշտպանության նախարարն ասաց, որ այդ պատահարների թիվը նվազում է.

«Բայց այն դեպքերը, որոնք տեղի են ունենում Պաշտպանության բանակում, միանշանակ հարիր չեն մեր հասարակությանը եւ ժողովրդին», - հավելեց Հակոբյանը: - «Ընդհանուր առմամբ նվազում մենք ունենք, եւ նվազումը լուրջ է»:

Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակի ներսում չդադարող սպանություններին, նախարար Հակոբյանը վստահեցրեց, թե որոշակի քայլեր զինված ուժերում տարվում են դրանք վերացնելու ուղղությամբ:
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG