Մատչելիության հղումներ

Ձերբակալված ընդդիմադիրներից 4-ի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց


«Կարմիր բերետավորները» բերման են ենթարկում երիտասարդ ակտիվիստներին, արխիվային լուսանկար

«Կարմիր բերետավորները» բերման են ենթարկում երիտասարդ ակտիվիստներին, արխիվային լուսանկար

Նախաքննական մարմինը ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրել այս շաբաթ ավելի վաղ ձերբակալված ՀԱԿ-ի 7 ակտիվիստներից 4-ի նկատմամբ:

Երիտասարդ ընդդիմադիրների փաստաբան Վարդուհի Էլբակյանի փոխանցմամբ, Տիգրան Առաքելյանին Քրեական օրենսգրքի երեք հոդվածների` խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու հատկանիշներով է մեղադրանք առաջադրվել: Արտակ Կարապետյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս եւ Վահագն Գեւորգյանները` խուլիգանության:

Նրանց նկատմամբ քննչական մարմինը իբրեւ խափանման միջոց որոշել է ընտրել կալանքը:

Կեսգիշերին մոտ հայտնի դարձավ, որ կալանավորվել են ՀԱԿ-ի ակտիվիստներից 3-ը` Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը եւ Սարգիս Գեւորգյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց փաստաբան Հովիկ Արսենյանը, դատարանը որոշել է, թե այդ անձինք կարող են կրկին հանցագործություն կատարել կամ խոչընդոտել քննությանը:

Արեգ Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սահակ Մուրադյանը եւ Վահագն Գեւորգյանը ստորագրությամբ դատարանի դահլիճից ազատ են արձակվել:

Հիշեցնենք, ՀԱԿ-ի երիտասարդական թեւի 7 ներկայացուցիչներ երեքշաբթի ուշ երեկոյան բերման էին ենթարկվել ոստիկանություն, իսկ օգոստոսի 10-ին` ձերբակալվել: Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում տեղի ունեցածում մեղադրել էր ընդդիմադիր ակտիվիստներին:

Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների փաստաբաններից Վարդուհի Էլբակյանը «անմեղության կանխավարկածի խախտում» է համարում Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի` օգոստոսի 11-ի ասուլիսում հնչեցրած հայտարարությունները:

«Դեռեւս գնում է նախաքննություն, 72 ժամ էլ դեռ չի անցել կատարված դեպքից հետո», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Էլբակյանը` շարունակելով. - «Եվ այս պահին խոսել, որ այդ տղաները միանշանակ խուլիգանություն են կատարել, «ոստիկանաորս» է սկսվել, գտնում եմ, որ շատ ամպագոռգոռ խոսքեր են: Եթե կատարվածի վերաբերյալ տղաներին արդեն որակում է տրվել, դա անմեղության կանխավարկածի խախտում եմ ես դիտում»:

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է տեղի ունեցածը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց իշխանական աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ իր ունեցած հանդիպման մանրամասները:

«Իրականում միակ բանը, որ ինձ զարմացրել էր, դա ոստիկանության արգումենտների թուլությունն էր, եթե չասեմ` սնանկությունը: Եվ ես ուղիղ ասացի, որ այն տեսագրությունները, որ դուք ցույց եք տալիս, որեւէ ձեր ասած պնդումը չեն ապացուցում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զուրաբյանը` հավելելով. - «Արդեն այս գործողությունները լուրջ կասկած են մեր մոտ սերմանել, որ իշխանությունները իրականում պատրաստ չեն քաղաքակիրթ երկխոսության, պատրաստ չեն փաստարկելու, պատրաստ չեն այս հակամարտությունը տեղափոխելու փաստարկման, հիմնավորման մի հարթություն, որտեղ մենք ժողովրդի առջեւ ներկայացնում ենք մեր փաստարկները: Իրենք տեսում են, որ պատվում են երկխոսության ամեն մի ռաունդում եւ, ըստ երեւույթին, որոշել են դիմել հին, փորձված բիրտ մեթոդներին: Այնպես որ, մենք իսկապես լուրջ քննարկելու բան ունենք: Մինչեւ հաջորդ հանդիպում անպայման կքննարկենք եւ որոշում կընդունենք»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG