Մատչելիության հղումներ

Արսինե Խանջյանը 3 ամսական խոյի խնամակալ դարձավ


Երեկ դերասանուհի Արսինե Խանջյանը ստանձնեց Երեւանի կենդանաբանական այգու 3 ամսական խոյի խնամակալությունը:

Յուրաքանչյուր տարի գալով Հայաստան` Արսինեն անպայման այցելում է կենդանաբանական այգի ու ծանոթանում այգու նորություններին:

Այս տարի հերթական այցելության ժամանակ նա տեղեկացավ, որ այգու 3 ամսական խոյը մնացել է մենակ. - «Ուրեմն, ասացի, ո՞րբ է այս մեկը: Ու երբ այգու տնօրեն Խաչատրյանի հետ սկսեցինք խոսել որդեգրման ծրագրի մասին, ինձ շատ բնական թվաց, որ այս մեկը լինի իմ կողմից որդեգրված առաջին խոյը: Մայրն իրեն լքել է, քույրերն ու եղբայրներն իրեն չեն ճանաչում, ես էլ ասացի` ուրեմն սա թող լինի որդեգրության առաջին առիթը»:

Արսինեն նշում է, որ Հյուսիսային Ամերիկայի գրեթե բոլոր բնակիչներն ունեն ընտանի կենդանիներ: Դա կարծես գեղեցիկ սովորություն է, եւ ինքն էլ անմասն չէ այդ սովորությունից:

Նա կատակով նշում է, որ 18 տարեկան որդուն տանն արդեն փոխարինող ունի:

«Մենք ունենք սարդի մի տեսակ, խամյակ ու 18 տարեկան որդիս, ով սեպտեմբերին կդառնա 18 ու կգնա տանից` սովորելու: Ու Գանձիկի (խնամակության վերցրած խոյը) պարագայում սա առաջին լուրջ ընտանի կենդանին է, որ մեր միջավայրում պետք է ապրի: Նրանք մոտավորապես 18-20 տարի են ապրում: Ուրեմն երկար ժամանակ ունենք միասին ապրելու, այն էլ Հայաստանում: Փաստորեն մենք նոր անդամ ունենք մեր ընտանիքում», - նշում է Արսինեն ու ծիծաղում:

Արսինեն իր ամուսնուն խոստացել է, որ սա իր համար եւս մեկ հատուկ առիթ է ամեն տարի Հայաստան գալու, որ տեսնի, թե խոյն ինչպես է մեծանում, ինչ պայմաններում է ապրում, ինչ խնդիրներ ունի:

«Ատոմին ասացի. - «Ես չեմ ուզում խոյի միակ ծնողը լինել, դու էլ պետք է մասնակցես ու մենք միասին պետք է ամեն տարի վերադառնանք Հայաստան»: Ու հիմա ինքն անհամբեր սպասում է խոյի հետ ծանոթանալուն»:

Նշենք, որ Կենդանիների խնամակալության ծրագիրը մեկնարկել է այս տարվա մայիսին եւ յուրաքանչյուր ոք հնարավարություն ունի դառնալ այգու ցանկացած կենդանու խնամակալ` վճարելով մեկ տարվա համար 20-100 հազար դրամ:

XS
SM
MD
LG