Մատչելիության հղումներ

Զինծառայող Էդուարդ Ալավերդյանի մահվան գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը


Հուլիսի 29-ին Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Էդուարդ Ալավերդյանի մահվան գործով օգոստոսի 10-ին ձերբակալվել է Մասիսի զինկոմիսարիատից զորակոչված ժամկետային զինծառայող, շարքային Սահակ Ասիլբեկյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, այսօր Ասիլբեկյանին մեղադրանք է առաջադրվելու Հայաստանի քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով»: Նախաքննական մարմինը դիմելու է Ասիլբեկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված ամենախիստ պատիժը երկու տարվա ազատազրկումն է:

Առայժմ այս գործով այլ ձերբակալվածներ չկան:

19-ամյա զինծառայող Էդուարդ Ալավերդյանը Հրազդան քաղաքից էր: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, նա մարտական հենակետում ինքնաձիգով վիրավորել էր ինքն իրեն, ինչը մահվան է հանգեցրել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG