Մատչելիության հղումներ

logo-print

Վերականգնվեց Նավասարդը նշելու ավանդույթը


Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ-ի նախաձեռնությամբ Երեւանի ռեստարաններից մեկում նշվեց Նավասարդը:

Կազմակերպվել էր տոնական ուտեստների ցուցադրություն եւ համտես` նորովի մատուցմամբ: Ներկայացվեց նաեւ տոնի խորհուրդը: Նավասարդը hայկական տոմարի առաջին ամիսն է:

Ազգագրագետ Մանան Առաքելյանը պատմում է, որ Նավասարդը հայկական մշակույթի այն յուրահատուկ տոներից մեկն է, որի շուրջ չեն դադարել բանավեճերը, թե ե՞րբ է այն նշվել, ի՞նչ խորհուրդ ունի. - ‹‹Մեկ նշվել է օգոստոսի 11-ին, մեկ` նոյեմբերի նախրաթողի ժամանակ, երբեմն սեպտեմբերին: Ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես տարեմուտ եւ բերքահավաքի տոն››:

Հեթանոս հայերը Նավասարդը մեծ շուքով են նշել, բազմաթիվ խաղեր եւ ձիարշավներ են կազմակերպվել:

Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում, եւ ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը:

Խոհարար Սոնիա Թասշչյանն ասաց. - ‹‹Նավասարդի կերակուրը ‹‹քյաշկը-հարիսան›› է, որը տարբերվում է հարիսայից նրանով, որ միսը կտրատում են, ոչ թե ծեծում: Քանի որ Նավասարդը նշվել է որպես նոր տարվա սկիզբ, սեղանին դնում էին նաեւ այն բոլոր ուտեստներն ու քաղցրեղենը, որի հիմա են դնում Ամանորին››:

‹‹Նավասարդի գլխավոր կերակրատեսակը` հարիսան եփելիս չէին խառնում, որպեսզի ողջ տարվա ընթացքում խժդժություններ չլինեն ընտանիքում››, - նշեց Մանան Առաքելյանը:

Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով: Հետաքրքիր ծեսեր եւ փոխայցելություններ կային նորապսակների եւ նշանվածների ընտանիքների միջեւ:

Ամանորի առավոտյան սկսում էին շնորհավորական փոխայցելությունները, որոնք հիմա էլ պահպանվել են: Միմյանց էին այցելում հարազատները, բարեկամները, հարեւանները եւ անպայման որեւէ բան ավելացնում էին սեղանին, իսկ հեռանալիս տանտերերը պետք է մի նվերով ճանապարհեին հյուրին:

Քանի որ Նավասարդը բերքի տոն է համարվել, ցորենի հասունացած հասկերից գյուղացիները հյուսել են ‹‹խաչփունջ››` որպես առատության խորհրդանիշ:

Միջոցառման ընթացքում ազգագրագետ Սոնա Պապիկյանի օգնությամբ փորձեցին վերականգնել այս ավանդույթը: ‹‹Բացի խաչփնջերից հյուսել են կենաց ծառի, աղջկա եւ այլ կերպարներ: Ամեն անգամ հյուսելիս մի նոր բան ես ստեղծագործում››, - ասաց Պապիկյանը:
XS
SM
MD
LG