Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ, եթե մայրաքաղաքում կրպակները ապամոնտաժվել են քաղաքապետ Կարեն Կարապետյանի բանավոր հանձնարարությամբ, դա «օրենքի կոպիտ խախտում է, որի հետեւանքով ոտնահարվել է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքը»:

«Իրավական ակտը գրավոր փաստաթուղթ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շարունակեց Հայրապետյանը. - «Այդ որոշումը պետք է լիներ անհատական իրավական ակտ… եւ այդ իրավական ակտը ստանում է օրինական ուժ այն պահից, երբ այդ որոշումը հասնում է հասցեատիրոջը: Այսինքն` հասցեատիրոջը հասնելու հաջորդ օրվանից որոշումը կարող էր ստանալ օրինական ուժ: Այս պարագաներում կարող ենք միանշանակ ասել, որ այդպիսի որոշում չկա»:

Նշենք, որ այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հայտնեց, թե մայրաքաղաքում կրպակները ապամոնտաժվում են քաղաքապետ Կարեն Կարապետյանի բանավոր հանձնարարության հիման վրա:

«Կա քաղաքապետի բանավոր հանձնարարություն` ապամոնտաժել Երեւան քաղաքում չգործող, լքյալ եւ անօրինական կրպակները: Ինչ վերաբերում է Երեւանի կենտրոնական որոշ հատվածներին, ապա` վարձակալության ժամկետները լրացած կրպակները ապամոնտաժել», - ասաց Սարդարյանը:

Տիգրան Հայրապետյանի համոզմամբ` խախտվում է նաեւ քաղաքացու դատարան դիմելու իրավունքը. - «Քաղաքացին իրավունք ունի դատական կարգով վիճարկելու քաղաքապետի որոշումը, քաղաքացին իրավունք ունի իր իրավունքները պաշտպանելու դատարանում: Սա անձի ամենահիմնական իրավունքներից է… Եթե բանավոր հանձնարարական է, ապա ինչպե՞ս կարող է քաղաքացին այդ որոշումը վիճարկել դատարանում»:

«Բայց եթե անգամ քաղաքապետի հանձնարարությունը գրավոր լիներ, այդ պարագայում նույնպես շատ կասկածելի է, որ նման որոշումը կարող էր օրինական լինել», - շարունակեց Հայրապետյանը` փաստարկելով. - «Որովհետեւ քաղաքացին երկար տարիներ վարձակալել է ինչ-որ հողատարածք եւ այնտեղ ունի կրպակ եւ գործունեություն է իրականացնում: Քաղաքացին ունեցել է կոնկրետ տնտեսական շահ եւ ինքը կարող էր ողջամտորեն ակնկալել, որ այդ տնտեսական շահը կարող էր ժամանակի ընթացքում իրականացվել: Անգամ քաղաքապետը իրավասություն չունի իր որոշումով այսպիսի որոշում կայացնի, որովհետեւ սա համարվում է գույք եւ պաշտպանվում է միջազգային իրավունքի նորմերով»:

Փաստաբանը նախազգուշացրեց, թե ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքապետի այս որոշման հետեւանքով կարող են գանգատներ գնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչի հետեւանքով էլ պատասխան կտա Հայաստանի Հանրապետությունը` իր պետական բյուջեով:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG