Մատչելիության հղումներ

Բաքվում քանդել են «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» շենքը


«Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» քանդված շենքը Բաքվում, 11-ը օգոստոսի, 2011թ.
«Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» քանդված շենքը Բաքվում, 11-ը օգոստոսի, 2011թ.
Հինգշաբթի ուշ երեկոյան Բաքվի քաղաքապետարանի ներկայացուցիչները շինարարական տեխնիկայի օգնությամբ քանդել են հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին պատկանող շենքը, որտեղ վերջին տարիներին տեղակայված էր նրա ղեկավարած «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը»` Ադրբեջանի ամենահայտնի հասարակական կազմակերպություններից մեկը:

Բաքվի ամենակենտրոնում`նախագահական պալատից եւ Պետական նավթային ակադեմիայի շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող, 19-րդ դարի վերջին կառուցված երկհարկանի շինությունը դեռ տարեսկզբին էր հայտնվել այսպես կոչված իրացման գոտում. այս թաղամասում Բաքվի իշխանությունները պատրաստվում են բարձրահարկներ կառուցել:

«Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» աշխատակից Ազադ Իսազադեն լրագրողներին ասել է. - «Երեկոյան 8-ին եկան քաղաքապետարանի եւ պետական գույքի կառավարման նախարարության աշխատակիցները` ասելով, թե քանդելու են հարեւան շինությունը, եւ ավելի անվտանգ կլինի, եթե մենք լքենք ինստիտուտի շենքը: Երբ մենք դուրս եկանք, էքսկավատորները սկսեցին քանդել ինստիտուտի շենքը: Մեր բոլոր համակարգիչները, փաստաթղթերը, «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» ողջ ունեցվածքը ներսում էր»:

Իշխանությունները բավական հարմար պահ են ընտրել` «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» ղեկավար Լեյլա Յունուսն Ադրբեջանում չէր: Նա, սակայն, հեռախոսով «Թուրան» լրատվական գործակալությանը փոխանցել է, որ իշխանությունների գործողությունները անօրինական են:

Բաքվի քաղաքապետարանը Լեյլա Յունուսի ղեկավարած ինստիտուտի շենքը փորձել էր քանդել դեռ հունիսին, սակայն իրավապաշտպանը դիմել էր դատարան, եւ շենքի ապամոնտաժման գործողությունները կասեցվել էին: Հինգշաբթի օրը տեղի ունեցածը, սակայն, փաստորեն հակասում է նախկինում կայացված դատական վճռին:

«Իշխանությունները մեզ պարզապես պատժում են, քանի որ մենք տարիներ շարունակ վերհանում էինք նրանց անօրինական գործողությունները», - ասել է Յունուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG