Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այցելել է Կիպրոս, ապա մեկնել Աստանա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Կիպրոս, որտեղ այդ երկրի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ Լիմասոլի նավահանգստում ներկա է գտնվել «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` առագաստանավի դիմավորման արարողությունից հետո գիտարշավի ղեկավար Զորի Բալայանը Սերժ Սարգսյանին զեկուցել է 2009 թվականի մայիսի 28-ին Վալենսիայից սկիզբ առած եւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին ավարտվող շուրջերկրյա ճանապարհորդության մասին:

Զորի Բալայանի խոսքով` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան գիտարշավի շրջանակներում «Արմենիա» առագաստանավը, մեկնարկելով Միջերկրական ծովից, Ջիբրալթարի նեղուցով կտրել-անցել է Ատլանտյան, Խաղաղ եւ Հնդկական օվկիանոսները: Գիտարշավի ղեկավարը նշել է, որ անձնակազմի անդամները հինգ մայրցամաքներում, որտեղ դարեր ի վեր ապրել եւ ապրում են միլիոնավոր հայեր, իրականացրել են իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները:

Հայաստանի նախագահը ասել է, որ ճանապարհորդության մտահղացումը այս երկու տարիների ընթացքում պատվով իրականացվեց գիտարշավի մասնակիցների կողմից:

«Դուք ոչ միայն շուրջերկրյա ճանապարհորդություն եք կատարել, հատել եք երեք օվկիանոս եւ տասնյակ ծովեր, այլեւ անցել եք երկրագնդի ամենատարբեր անկյուններում սփռված Սփյուռքի դժվարին ճանապարհներով` Հայրենիքի շունչը հաղորդելով մեր համայնքներին, նորովի իմաստավորելով մեր ինքնության բանաձեւը եւ տարբեր աշխարհամասերում սփռված` մեր մշակույթի կոթողները», - ասել է, մասնավորապես, Սերժ Սարգսյանը:

Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը, մասնավորապես, հայտարարել է. - «Գրեթե 90 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանության հետեւանքով հազարավոր մազապուրծ հայեր եկան Կիպրոս` գտնելով այստեղ իրենց ապաստանը: Այդ գաղթականների ժառանգները կազմում են Կիպրոսի հասարակության անբաժանելի մասը` միաժամանակ փայփայելով եւ պահպանելով իրենց արժանապատիվ ծագումը: Մեր հայրենակից հայերն իրենց գործունեությամբ մեր երկու երկրների միջեւ կապի կարեւոր օղակ են հանդիսանում` Հայաստանը կիպրացիների սրտի անբաժանելի մասը դարձնելով»:

Սերժ Սարգսյանը եւ Դեմետրիս Խրիստոֆիասը ներկա են գտնվել նաեւ «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության ավարտին նվիրված տոնական համերգին, որի ավարտին շրջել են առագաստանավում:

Երեկոյան Կիպրոսի նախագահի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրվել է ընթրիք:

Սերժ Սարգսյանը Կիպրոսից մեկնել է Աստանա` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG