Մատչելիության հղումներ

Աստանայում մեկնարկում է ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը


2010 թվականի օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացված ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի մասնակիցները

2010 թվականի օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացված ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի մասնակիցները

Ուրբաթ օրը Աստանայում մեկնարկում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Երկօրյա գագաթնաժողովին մասնակցելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

1992 թվականի մայիսին ստեղծված ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` գագաթնաժողովին ընդառաջ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է, որ ուսումնասիրել են իրավիճակը Հայաստանում, Բելառուսում, Ղրղըզստանում ու Տաջիկստանում, նախապատրաստել են տեղեկատվական բնույթի մեծ ծավալով նյութեր, եւ քննարկվելու է որոշ երկրների օգնություն տրամադրելու խնդիրը:

Իսկ ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի ոչ ֆորմալ գագաթնաժողովի առանցքում լինելու է Աֆրիկայի հյուսիսում եւ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը, քանի որ, ինչպես Մեդվեդեւն է հայտարարել, մի շարք երկրներում ընդվզումներն ու բախումները ազդեցություն ունեն նաեւ ՀԱՊԿ-ի երկրների վրա: Առանձին քննարկման թեմա է Ղրղըզստանը: Գագաթնաժողովի մասնակիցները կանդրադառնան նաեւ տարածաշրջան ահաբեկչական խմբավորումների ներթափանցման վտանգին. ինչպես Բորդյուժան է բնորոշել` չնայած իրավիճակի կայուն լինելուն, կան իրենց «շատ լրջորեն անհանգստացնող միտումներ»:

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկում օրակարգում չկա: Այդուհանդերձ, օգոստոսի 9-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Ռուսաստանի նախագահի հանդիպումից հետո հայաստանյան եւ ռուսաստանյան քաղաքական եւ փորձագիտական շրջանակները, մամուլը Աստանայում Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ առանձնազրույց ակնկալում են:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Թեւան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի Մեդվեդեւը Սարգսյանի հետ խորհրդակցի Ալիեւի հետ բանակցությունների արդյունքների շուրջ. - «Եթե Մեդվեդեւը հանձն է առել լինել միջնորդ, ապա ինչպես միջնորդ` ինքը պետք է երկու կողմերին էլ տեղյակ պահի եւ փորձի հավասարակշռություն պահպանել: Այսինքն, շատ լավ առիթ է, որ Մեդվեդեւը կարող է օգտագործել»:

Մանավանդ որ, ըստ փորձագետների, Ռուսաստանը փորձում է երաշխիքներ ստանալ նախագահների եռակողմ հանդիպում կազմակերպելու համար:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման խնդրում ՀԱՊԿ-ի դերակատարությանը, ապա Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կառույցը, ճիշտ է, ռազմական օգնություն Հայաստանին չի կարող տրամադրել, բայց «եթե փորձ արվի Հայաստանի տարածքների հետ կապված ինչ-որ գործողության, ՀԱՊԿ-ը ուզած-չուզած պետք է արձագանքի»:

«Կասկածում եմ, որ մեզ կարող են օգնել Կենտրոնական Ասիայի երկրները, քանի որ այդ բոլոր երկրները հազար ու մի պրոբլեմ ունեն, նույնիսկ չեն կարողանալու, ասենք, 10-հոգանոց զորք ուղարկել մեր տարածաշրջան: Եթե ինչ-որ քայլեր անի` միայն կանի Ռուսաստանը», - ընդգծեց Գրիգորյանը` հավելելով. - «Բայց ՀԱՊԿ-ի դերը կարող է լինել ռազմաքաղաքական իմաստով` կարող է ՀԱՊԿ-ը միջազգային տեսանկյունից ինչ-որ ճնշում գործադրել, որ մեր դեմ չհարձակվեն»:

Ստեփան Գրիգորյանը նաեւ ՀԱՊԿ-ին անդամակցող երկրների համար կարեւոր մեկ այլ հանգամանք մատնանշեց. - «ՀԱՊԿ-ի անդամ երկրները Ռուսաստանից զենք են ստանում զեղչ գներով, կամ ռազմատեխնիկական օգնություն են ստանում Ռուսաստանից` ավելի ցածր գներով, ավելի մատչելի գներով: Ուրեմն` ՀԱՊԿ-ին անդամակցությունը ինչ-որ բաներ տալիս է մեզ»:

ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը կավարտվի շաբաթ օրը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG