Մատչելիության հղումներ

Էստոնիայի պաշտպանության նախարարության վրա հարձակվել է Կարեն Դրամբյանը


Էստոնիայի վարչապետն ասել է, որ պաշտպանության նախարարության վրա հարձակված Կարեն Դրամբյանի գործողության շարժառիթները պարզ չեն, բայց հնարավոր է` նրան ոգեւորել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը:

Վարչապետ Անդրուս Անսիփը տեղի ունեցածը բնորոշել է «ծայրաստիճան վշտալի»:

Associated Press-ի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարար Մարտ Լաարը եւս հնարավոր է համարել, որ Դրամբյանը ոգեւորված լինի Բրեյվիկի գործողություններից: Մարտ Լաարը ասել է, որ միջադեպը «ուշադրությամբ հետաքննելու կարիք ունի»:

Հաղորդվում է, որ Կարեն Դրամբյանի մոտ շուրջ100 փամփուշտ, պայթուցիկներ ու հակագազ է եղել:

Էստոնիայի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` զինված անձնավորությունը Տալլիննի կենտրոնում թափանցել է պաշտպանության նախարարության շենքը եւ ներսում ծուխ արձակող ռումբ է նետել եւ երկու պատանդ վերցրել, որոնց հետագայում ազատել են:

Էստոնիայի անվտանգության ոստիկանության խոսնակ Էրիկ Հելդնան ասել է, որ «հարձակվողը սպանվել է փոխհրաձգության արդյունքում, որը տեղի է ունեցել նրա եւ ոստիկանների միջեւ»:

Միջադեպի արդյունքում որեւէ այլ տուժածներ չկան:

Կարեն Դրամբյանի գործողության պատճառները անհայտ են: Նա ոչ մի պահանջ չի ներկայացրել՝ ո՛չ քաղաքական, ո՛չ այլ բնույթի որեւէ պահանջ:

Օգոստոսի 11-ին, տեղական ժամանակով 15:30-ին կրակոցներ են հնչել Էստոնիայի պաշտպանության նախարարության շենքում:

ՊՆ մամուլի քարտուղարը ասել է, թե այդ պահին պաշտպանության նախարար Մարտ Լաարը շենքում չի եղել, վերջինս շենքին մոտեցել է մոտավորապես 40 րոպե անց:

Միջադեպի մասին առաջին լուրերը հակասական էին: ՊՆ աշխատակիցներից մեկը պատմել է, որ հարձակվողը ռումբ է պայթեցրել, կրակոցներ արձակել, պատանդ է վերցրել շենքի պահակին, բայց հետո ազատ է արձակել: Հաղորդվում էր, որ Դրամբյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կրակոցներից, մեկ այլ վարկածով՝ նա ինքնասպանություն է գործել:

Ականատեսների պատմելով, ոստիկանությունը շրջափակել էր պաշտպանության նախարարության շենքը: Նախարարության աշխատակիցները տարհանվել էին, ոմանք փախել էին առաջին հարկի պատուհաններից: Երբ հատուկ ջոկատայինները գրոհել են շենքը, ներսից նոր կրակոցների եւ պայթյունի ձայն է լսվել: Շենք են մտել նաեւ շտապ օգնության երեք աշխատակից եւ ոստիկաններ:

Կարեն Դրամբյանը մասնագիտությամբ իրավաբան էր եւ Էստոնիայի ձախ կուսակցության անդամ: Դա փոքր կուսակցություն է, որը Էստոնիայի խորհրդարանում ներկայացված չէ: Կարեն Դրամբյանի կենսագրությունից նաեւ հաղորդվում է, որ 2009 թվականին նա առաջադրվել էր Մաարդու քաղաքի խորհրդի ընտրություններում, բայց պարտություն էր կրել:

Կարեն Դրամբյանը ծնվել է Հայաստանում 1954 թվականին: 1993 թվականին նա Էստոնիայի քաղաքացիություն է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG