Մատչելիության հղումներ

Էստոնիայի ՊՆ-ի վրա հարձակված Դրամբյանին համեմատում են Բրեյվիկի հետ


Էստոնիա - Հատուկ ջոկատայինները պատրաստվում են մտնել պաշտպանության նախարարության շենք, 11-ը օգոստոսի, 2011թ.
Էստոնիա - Հատուկ ջոկատայինները պատրաստվում են մտնել պաշտպանության նախարարության շենք, 11-ը օգոստոսի, 2011թ.
Հինգշաբթի օրը տեղական ժամանակով 15:30-ին կրակոցներ են հնչել Էստոնիայի պաշտպանության նախարարության շենքում:

Միջադեպի մասին առաջին լուրերը հակասական էին: Պաշտպանության նախարարության աշխատակիցներից մեկը պատմել է, որ հարձակվողը, որը, ինչպես հետո է պարզվել, 57-ամյա Կարեն Դրամբյանն էր, ական է պայթեցրել, կրակոցներ արձակել, պատանդ է վերցրել շենքի պահակին, բայց այնուհետեւ ազատ է արձակել, հաղորդվում էր նաեւ, որ հարձակվողը երկու պատանդ է վերցրել:

Էստոնիայի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` զինված անձը Տալլիննի կենտրոնում ներթափանցել է պաշտպանության նախարարության շենք, ներսում ծուխ արձակող ռումբ է նետել եւ երկու պատանդ վերցրել, որոնց հետագայում ազատել են:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը ասել է, թե հարձակման պահին պաշտպանության նախարար Մարտ Լաարը շենքում չի եղել, վերջինս շենքին մոտեցել է մոտավորապես 40 րոպե անց:

Ականատեսների պատմելով` ոստիկանությունը շրջափակել էր պաշտպանության նախարարության շենքը: Նախարարության աշխատակիցները տարահանվել էին, ոմանք փախել էին առաջին հարկի պատուհաններից: Երբ հատուկ ջոկատայինները գրոհել են շենքը, ներսից նոր կրակոցների եւ պայթյունի ձայն է լսվել: Շենք են մտել նաեւ շտապօգնության երեք աշխատակից եւ ոստիկաններ:

Էստոնիայի անվտանգության ոստիկանության խոսնակ Էրիկ Հելդնան ասել է, որ «հարձակվողը սպանվել է փոխհրաձգության արդյունքում, որը տեղի է ունեցել նրա եւ ոստիկանների միջեւ»:

Մեկ այլ վարկածով՝ Դրամբյանը ինքնասպանություն է գործել:

Միջադեպի արդյունքում որեւէ այլ տուժող չկա:

Կարեն Դրամբյանի գործողության պատճառները անհայտ են: Նա ոչ մի պահանջ չի ներկայացրել՝ ո'չ քաղաքական, ո'չ այլ բնույթի:

Էստոնիայի վարչապետն ասել է, որ Դրամբյանի արարքի շարժառիթները պարզ չեն, բայց հնարավոր է` նրան ոգեշնչել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի օրինակը:

Վարչապետ Անդրուս Անսիփը տեղի ունեցածը բնորոշել է «ծայրաստիճան վշտալի»:

Նա հայտնել է, որ Կարեն Դրամբյանը ծնվել է Հայաստանում 1954 թվականին: 1993 թվականին նա Էստոնիայի քաղաքացիություն է ստացել:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտպանության նախարար Մարտ Լաարը եւս հնարավոր է համարել, որ Դրամբյանը ոգեւորված լինի Բրեյվիկի գործողություններից: Լաարը ասել է, որ միջադեպը «ուշադրությամբ հետաքննելու կարիք ունի»:

Հաղորդվում է, որ Կարեն Դրամբյանի մոտ շուրջ 100 փամփուշտ, պայթուցիկներ ու հակագազ է եղել:

Կարեն Դրամբյանը մասնագիտությամբ իրավաբան էր եւ Էստոնիայի ձախ կուսակցության անդամ: Դա փոքր կուսակցություն է, որը Էստոնիայի խորհրդարանում ներկայացված չէ:

Դրամբյանի կենսագրությունից նաեւ հաղորդվում է, որ 2009 թվականին առաջադրվել էր Մաարդու քաղաքի խորհրդի ընտրություններում, բայց պարտություն էր կրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG