Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանապետի պնդմամբ` ընդդիմադիր երիտասարդներն են հարձակվել ոստիկանների վրա


Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ասուլիսը, 11-ը օգոստոսի, 2011թ.

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ասուլիսը, 11-ը օգոստոսի, 2011թ.

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում պնդեց, թե այս շաբաթ ավելի վաղ ձերբակալված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները զբաղվում էին «ոստիկանաորսությամբ»:

Սարգսյանի ներկայացմամբ` երեքշաբթի օրը ոստիկանները Կարապի լճի տարածքում զգուշացրել են մի երիտասարդի, որ շանը առանց դնչկալի չի կարելի դուրս բերել փողոց, եւ դա տեսել են ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները: - «Նրանք [այդ երիտասարդները], որ զբաղված են ոստիկանաորսով, մոտենում են անմիջապես եւ ինչպես միշտ` հայհոյանքով. «արա, էլի ստե թափառում եք», «քանի անգամ ասինք, ստեղարենք չերեւաք»… Սա ասում են երկու հոգի ոստիկաններին, որոնց իրենց ծառայական պարտքն են կատարում»:

«Ինչ պատմում եմ, իրողություն է, խնդրում եմ, հավատացեք: Ես որեւիցի շահ չունեմ իրողությունը խեղաթյուրելու», - ասաց ոստիկանապետը` շարունակելով, թե ՀԱԿ-ի երկու ակտիվիստների հայհոյանքներից ու սպառնալիքներից հետո տուրուդմբոց է սկսվել, ակտիվիստներին միացել են եւս 7-8-ը, եւ ոստիկանները ստիպված հավելյալ ուժեր են կանչել: Այդ ամենը տեւել է մոտ 20 րոպե, ինչից հետո ՀԱԿ-ի ակտիվիստները բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին:

Ճանապարհին, ըստ Սարգսյանի, Տիգրան Առաքելյանը գլխով հարվածել է ոստիկաններից մեկին. - «Խփել քիթն է կոտրել մեր աշխատակցի: Հիվանդանոցում պառկած է»:

Նա ասաց նաեւ, որ ունեն տեսագրություն, թե ինչպես են երիտասարդները ոստիկանության բաժնում հայհոյում եւ վիրավորում ոստիկաններին. - «Աղմուկ-աղաղակ, հայհոյանք ոստիկանների հասցեին, ամենավերջին, լկտի հայհոյանքները` պետից սկսած մինչեւ վերջին շարքայինի հասցեին»:

Սարգսյանը ասաց, թե չի ցանկացել հրապարակել այդ տեսանյութը, քանի որ իր համար ամոթալի է. - «Իմ համար մի քիչ ամոթ է, որ ոստիկաններս այսքան զգույշ են, որ նա վիրավորում է, հայհոյանք է տալիս, սա չի պատասխանում»:

Նա նաեւ ասաց, թե բերման ենթարկվածներից Տիգրան Առաքելյանը եւ եւս երկու երիտասարդ հարբած են եղել:

Դիտարկմանը, թե ինտերնետում տարածված տեսանյութերում, սակայն, ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստներն են ցուցադրում իրենց վնասվածքները, ոստիկանապետը արձագանքեց. - «Որեւիցե մեկին մատով չի կպել ոչ մի ոստիկան: Երբ անձին բերման են ենթարկում, քաշքշուկի ժամանակ մեկի մոտ մի թեթեւ կապտուկ է առաջացել… Դուք դա համարում եք մարմնական վնասվա՞ծք»:

Անդրադառնալով պնդումներին, թե ոստիկանությունը այս միջադեպով խոչընդոտում է ՀԱԿ - իշխանություն երկխոսությունը` Ալիկ Սարգսյանը ասաց. - «Ես շատ մտահոգ եմ այսօրվա իրադարձություններով: Կոնկրետ երկխոսությունը… ինձ համար շատ կարեւոր հարց է: Երբեք չէի ուզենա, որ դա դադարեր: Այդ երկխոսությունը առաջինը հենց իմ շահերից է բխում երկխոսությունը. որ գան ընդհանուր դաշտ, որ հանդուրժողական լինեն»:

Ոստիկանապետի պնդմամբ` ընդդիմադիր երիտասարդներն են հարձակվել ոստիկանների վրա

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG