Մատչելիության հղումներ

Միջազգային լրատվամիջոցները` Բաքվի կենտրոնում իրականացվող շինարարության մասին


Բաքվի համայնապատկեր:
Բաքվի համայնապատկեր:

Արդեն երկրորդ օրն է՝ միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են Բաքվի կենտրոնում սկիզբ առած լայնածավալ շինարարությանը, որը, ինչպես «Նյու Յորք Թայմս»-ն է բնորոշում՝ «նպատակ ունի ետխորհդային միօրինակ ու անգույն քաղաքը դարձնել երկնաքերերով ու մարմարյա դղյակներով լի փայլուն մեգապոլիս»։

«Այս փոխարկերպումը, սակայն, թանկ է նստում միջին խավի վրա», - գրում է «Նյու Յորք Թայմս»-ի հոդվածագիրը՝ ընդգծելով. - «Ընտանիքները, որոնք սերունդներով այստեղ են ծնվել ու մեծացել, դուրս են շպրտվում քաղաքի կենտրոնից։ Ինչպես իրավապաշտպան «Հյուման Ռայսթ Վոտչ» կազմակերպությունն է հաղորդում, մի քանիսին բիրտ ուժով վտարում են ոստիկանության օգնությամբ, մյուս դեպքերում սկսում են շենքերի ապամոնտաժման աշխատանքները՝ չնայած այն հանգամանքին, որ բնակիչները ընդդիմանում են ու մնում իրենց տներում»։

Ամերիկյան պարբերականը փաստում է, որ Խորհրդային Միության երբեմնի ամենաաղքատ պետություններից մեկը համարվող Ադրբեջանը այսօր ամենարուստներից մեկն է դարձել՝ 2005 թվականին կառուցված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շնորհիվ. - «Օր–օրի ավելացող եկամուտները հնարավորություն են տալիս իշխանություններին մտածել քաղաքի դեմքը փոխելու մասին, ծրագրեր են շրջանառվում Կասպից ծովում Դուբայի օրինակով կղզի կառուցելու մասին, դեպի ուր տանող ճանապարհները պիտի զարդարված լինեն ժամանակակից ամենահայտնի ճարտարապետների գործերով: Հենց այսօրինակ նորակառույց թաղամասերից մեկի առեւտրային կետերում վերջերս բացվել է Բաքվում «Բենթլի» վաճառող առաջին խանութը՝ զարդարված ճարտարապետության ամենավերջին ու շքեղ լուծումներով: Այս ձեռքբերումները, սակայն, հասանելի չեն միջին վիճակագրական ադրբեջանական ընտանիքներին, որտեղ ուսուցիչները, օրինակ, ամսական 250 դոլար աշխատավարձ են ստանում»։

«Ստացած աշխատավարձով նոր տուն նրանք չեն կարող գնել, սեփական տանից էլ վտարվում են՝ չնչին փոխհատուցման դիմաց. կառավարությունը նրանց մոտ 1900 դոլար է վճարում մեկ քառակուսի մետրի դիմաց այն դեպքում, երբ անկախ փորձագետների գնահատականով՝ դրա շուկայական գինը հասնում է 5000-ի», - գրում է «Նյու Յորք Թայմս»-ը։ Պարբերականը փաստում է, որ այս ճանապարհով անցած մի քանի տարիների ընթացքում հարյուրավոր ընտանիքներ են վտարվել Բաքվի կենտրոնից, իշխանությունները, սակայն, անպատասխան են թողել թե' քաղաքացիների, թե' միջազգային կազմակերպությունների բողոք-նամակները։

«Խստորեն վերահսկվող երկրում մարդիկ պայքարելու հնարավորություններ չունեն, դատարանները որոշումներ են կայացնում նրանց դեմ, պաշտոնյաները չեն լսում. մնում է նստել եւ լավ ժամանակների սպասել», - փաստում է հոդվածագիրը։

Նախօրեին էլ նույն թեմային էր անդրադարձել բիտանական «Բի-Բի-Սի»-ն՝ նկարագրելով, թե ինչպես են տեղական իրավապաշտպան կազմակերպությունները փորձում պաշտպանել սեփական տներից վտարվող քաղաքացիների իրավունքները. - «Մինչ հարեւան փողոցում բուլդոզերներ էին աշխատում, մի երիտասարդ մոտեցավ քանդման ենթակա շենքերից մեկին ու սկսեց ներկերով պատերին կարգախոսներ գրել սեփականատերերի իրավունքները պաշտպանող եվրոպական ու ադրբեջանական օրենքների մասին։ Ընդ որում, նա առաջին անգամը չէ բողոքի այս քայլին դիմում: Ամեն անգամ, սակայն, աշխատանքային օրվա ավարտին ինչ-որ մեկը գալիս ու խնամքով մոխրագույն ներկի տակ է առնում նրա կարգախոսները։ Քանդվող շենքերի բնակիչները պատմել են, որ ոստիկաններն իրենց ընդամենը 2 շաբաթ ժամանակ են տալիս իրերը հավաքելու եւ տեղափոխվելու համար, իսկ հետո գալիս են գիշերով ու սպառնում բոլորին փողոց շպրտել»։

«Հարեւան փողոցում»,- շարունակում է լրագրողը, - «շենքերից մի քանիսը քանդել էին արդեն, սակայն, զարմանալիորեն, փլատակների տակ դեռեւս մարդիկ էին ապրում, որոնք պնդում էին, թե գնալու տեղ չունեն։ Նրանք իրենց նվաստացած են զգում իշխանությունների վերաբերմունքից, որոնք թվում է, թե պատրաստ են բուլդոզերի տակ անցկացնել աղքատ մարդկանց իրավունքներն ու տները՝ նոր քաղաք կառուցելու իրենց երազանքներն ի կատար ածելու համար։ Եվ թվում է, որ այդ նոր քաղաքն ավելի թշվառ է, քանի որ կառուցվում է իր ամենախոցելի ու անպաշտպան բնակիչների կյանքի ավերակների վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG