Մատչելիության հղումներ

Փոխնակ մայրությանը վերաբերող օրենքում փոփոխություններ կկատարվեն


2011թվականին փոխնակ մայրերի օգնությամբ Հայաստանում ծնվել է 5 երեխա: Առաջին երեխան ծնվել է 2004-ին: Մինչեւ օրս Հայաստանում փոխնակ մայրերի օգնությամբ ծնվել է 75-80 երեխա:

2002 թվականից Հայաստանում գործում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը, որը իրավունք է տալիս Հայաստանում բնակվող անձանց օգտվելու փոխնակ (սուռոգատ) մայրերի օգնությունից:

«Փոխնակ մոր օգնությունից օգտվում են միայն այն դեպքում, երբ կինը կարող է տալ ձվաբջիջ, որպեսզի լինի հղիություն, բայց չի կարող կրել հղիությունը», - ասաց Մոր եւ մանկան առողջապահության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւը:

Որպես փոխնակ մայր կարող են հանդես գալ18-35 տարեկան կանայք: Փոխնակ մոր հետ կնքվում է պայմանագիր, որը վավերացվում է նոտարի կողմից: Նա որեւէ ժառանգական կապ չունի իրենից ծնված երեխայի հետ: Փոխնակ մայրը կարող է նաեւ կնոջ կամ ամուսնու հետ բարեկամական կապի մեջ լինել.

«ՀՀ-ում կիրառված փոխնակ մայրության առաջին դեպքի ժամանակ քույրը եղբոր ընտանիքի համար դարձավ փոխնակ մայր», - նշեց Գեորգի Օկոեւը:

Կառավարության նախագծով «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը ներկայումս փոփոխվում է: Օրենքը սահմանում է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք եւ Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները:

«Օրենքը փոխվում է այնպես, որ օտարերկրացիները պետք է որոշ ժամանակ երկրում բնակվեն (օրենքի նոր նախագծով՝ մոտ երեք տարի), որովհետեւ ուզում ենք, որ խնդիրը չգնա այն դաշտը, որը կբերի երեւույթի կոմերցիալիզացիային, երբ կանայք կտրամադրեն իրենց հնարավորությունները երեխա ունենալու եւ հետո երկրից դուրս բերելու համար», - ասաց Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

2002-ին ընդունված օրենքը սահմանում է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն բժշկասոցիալական խնդիրներ ունեցող անձինք:

«Նոր առաջակի մեջ ասվում է, որ անձը կարող է օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից միայն բժշկական ցուցումներով: Այստեղ մենք այնքան էլ համաձայն չենք: Կարող է կինը կամ տղամարդը ամուսնացած չեն, բայց ցանկություն ունեն երեխա ունենալու: Երբ մենք ասում ենք միայն բժշկական ցուցմունքներով, դա նշանակում է, որ մենք մարդուն ասում ենք, եթե ամուսնացած չես, չես կարող երեխա ունենալ: Դա նույն է, որ ասենք, թե իրավունք չունես երեխա որդեգրես», - նշեց Արա Բաբլոյանը:

please wait

No media source currently available

0:00 0:06:51 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG