Մատչելիության հղումներ

«Հաղթանակն էլ ա իմը լինելու, լավ էլ պետք ա ծեծեմ»


Պրոֆեսիոնալ ռինգում 40 մենամարտ անցկացրած Վախթանգ Դարչինյանը առաջին անգամ մենամարտելու է հայրենի հողում: Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Վիկ Դարչինյանը վստահ է. - «Հաղթանակն էլ ա իմը լինելու, լավ էլ պետք ա ծեծեմ»:

Դարչինյանի մրցակիցը 29 ամյա Էվանս Մբանբան է, ով, մարզական մեկնաբան Կարեն Թադեւոսյանի փոխանցմամբ, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 19 մենամարտ, ունի մեկ պարտություն: Նա նաեւ ԱԲՖ-ի առաջին համարն է համարվում:

Արդեն երեք շաբաթ է, ինչ Վիկը Հայաստանում է ու ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այս մենամարտի համար Վիկը 10-ը կիլոգրամ քաշ է գցել: Մարզիչ Վազգեն Բադալյանը նշում է. - «Արագությունը սկսել է տեղը գալ, տրամադրություն բարձր է, լավ ֆիզիկական պատրաստվածություն ունի, մարզումներն անցկացնում է երիտասարդական ավյունով, առայժմ ոչ մի խնդիր չկա: Ամսի 20-ին Ծաղկաձորից կգանք Երեւան, որ ադապտացվի օդին, ջերմաստիճանին»:

Վիկի կարծիքով, մրցակիցն ուժեղ է ու լավ մենամարտ անցկացնելու համար լավ պատրաստվել է պետք. - «Ես իրան թեթեւ չեմ տանում: Գիտեմ, որ լավ տղաների հետ մենամարտել ա: Այն մարզիկի հետ, որ նա պարտվել ա, ես մենամարտել եմ ու հաղթել եմ, բայց չի կարելի այնպես նայել որ պարտվել ա ուրեմն վատն ա: Ես տենց մի անգամ արել եմ: Իմ առաջին պարտությունը Նոնիտո Դոների հետ էր: Իրան կրողին ես մի ձեռքով էի ծեծում ու իրան թերագնահատելով ես ավելի վատ մենամարտ արեցի ու պարտվեցի»:

Վիկը նշում է, որ մենամարտը նվիրում է Հայաստանի անկախության 20 ամյակին ու բոլոր հայերին:

Մենամարտի օրը Հայաստանում կլինեն Վիկի կինն ու որդին, բայց Վիկի ցանկությամբ որդին այդ օրը դահլիճում չի լինի: Իսկ Մենամարտից հետո Վիկը հանգստի չի մեկնի: Նա դեկտեմբերին մենամարտի է հրավիրել Նոնիտո Դոներին ու սպասում է նրա պատասխանին: Իսկ մինչ այդ մարզվելու է . - «Ես ընկած եմ մի հակառակորդի հետեւից, որին պարտվել եմ 4 տարի առաջ: Այդ մրցակցին ես շատ մեծ անուն եմ տվել ու հիմա ընկել եմ հետեւից, որ այդ անունը հետ բերեմ, որ իրան դարձնեմ գետնին հավասար, որովհետեւ շատ ա իմ անունով ինքը մեծացել: Ես 4 տարի ա փնտրում եմ իրան` Նոնիտո Դոներին: Պատասխանը երեւի կլինի դեկտեմբերին, ու ես կմենամարտեմ»:

XS
SM
MD
LG