Մատչելիության հղումներ

Փաստաբանը ՀԱԿ-ի ակտիվիստների անհապաղ ազատ արձակում է ակնկալում


ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստները, Երեւան, 9-ը օգոստոսի, 2011թ.
ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստները, Երեւան, 9-ը օգոստոսի, 2011թ.
Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործի քննությունը Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է Ոստիկանության գլխավոր քննչական վարչության վարույթ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց փաստաբան Հովիկ Արսենյանը, ստեղծվել է հատուկ քննչական խումբ, որը այսօր պետք է լրացուցիչ քննչական գործողություններ իրականացնի:

Փաստաբանը տեղեկացրեց, որ ձերբակալված երիտասարդները այս պահին գտնվում են ժամանակավոր պահման մեկուսարանում եւ հրաժարվում են ցուցմունքներ տալուց:

«Մեր պաշտպանյալների առողջական վիճակը այս պահին բարվոք է, նորմալ, տանելի, անհանգստություն չկա պահման վայրում, հրաժարվել են ցուցմունքներ տալուց: Միայն իմ պաշտպանյալներից Մուրադյան Սեւակն [Սահակ] է, որ մի քանի տողով ցուցմունք տվեց առ այն, որ իրենք հինգ հոգով նկատել են փողոցն անցնելիս, որ Տիգրան Առաքելյանը եւ Արտակը գետնին ընկած, ասֆալտին` ծեծվում են կարմիր բերետավորների կողմից, փորձել են մոտենալ, սակայն նրանց կանգնեցրել են եւ անմիջապես գետին տապալել, որից հետո բերման են ենթարկել ոստիկանության բաժին», - ասաց Հովիկ Արսենյանը:

«Ինձ համար շատ տարօրինակ ու զարմանալի է, բոլոր դեպքերում, հատկապես այս վերջին հինգ անձնավորությունների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը կամ ձերբակալելը: Ես կարծում եմ, որ ողջամտություն հանդես կբերեն եւ այդ անձանց անհապաղ բաց կթողնեն` չեն ներկայացնի, բոլոր դեպքերում, խափանման միջոցի [կալանավորելու] վերաբերյալ», - նշեց փաստաբանը:

Չորեքշաբթի օրը Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին եւ Կոնգրեսի հետ երկխոսության նպատակով ստեղծված իշխանական աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանին: Այդ հանդիպման մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչներ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն, Սարգիս եւ Արեգ Գեւորգյանները, Արտակ Կարապետյանը եւ Սահակ Մուրադյանը երեքշաբթի ուշ երեկոյան բերման են ենթարկվել, ապա` ձերբակալվել: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG