Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դեմ հայ նախկին գերու բողոքը ուղարկվել է Եվրադատարան


Ֆրանսիա - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում

Ֆրանսիա - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում

Հինգ ամիս առաջ ադրբեջանական գերությունից վերադարձած Արթուր Բադալյանի բողոքը ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության արդեն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Շուրջ երկու տարի գերության մեջ անցկացրած Հայաստանի 32-ամյա քաղաքացին բողոքում է իրեն գերեվարելու ու իր նկատմամբ ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի համար:

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակչին Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում պատրաստելու գործում օգնել է Վանաձորում գործող «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» նորաստեղծ իրավապաշտպան կազմակերպությունը:

Կազմակերպության նախագահ, փաստաբան Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դիմումի հիմքում ընկած են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի երրորդ եւ հինգերորդ հոդվածներով սահմանված դրույթները:

«Ենթարկվել է խոշտանգումների, անազատության մեջ է պահվել Ադրբեջանի օրենսդրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների եւ ազատությունների խախտումներով, որի համար ակնկալում ենք, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչի կոնվենցիայի երրորդ [հոդվածի], այսինքն` խոշտանգումների արգելում, եւ հինգերորդ [հոդվածի]` անձի ազատության անձեռնմխելիության իրավունքների խախտում», - նշեց Մարուքյանը:

Արթուր Բադալյանը երկու տարի առաջ ընկերների հետ սունկ հավաքելու ժամանակ մոլորվելով Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի անտառներում` անցել էր սահմանը: Նրա գտնվելու վայրի մասին ադրբեջանական իշխանությունները լռում էին, մինչեւ որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն գերեվարումից շուրջ մեկեւկես տարի անց նրան հայտնաբերեց ադրբեջանական զորամասերից մեկում: Մինչ այդ նրա ընտանիքն ու Հայաստանի իշխանությունները տեղեկություններ չունեին Բադալյանի գտնվելու վայրի մասին:

Արթուր Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի մասին` ասելով, որ իրեն պահել են քաղցած, ցուրտ ու խոնավ խցում, ենթարկել խոշտանգումների, հոգեբանական ճնշումների:

Ադրբեջանական իշխանությունները երկու ամիս առաջ ադրբեջանական մամուլում հայտարարեցին, թե Բադալյանի նկատմամբ ցուցաբերել են մարդկային վերաբերմունք` ապահովելով նրա կենսապայմանները: Մինչդեռ նախկին գերին շարունակում է հակառակը պնդել:

Արթուր Բադալյանը բողոքում է նաեւ առողջությունից: Նա շարունակում է հայտարարել, թե ադրբեջանական կողմն իր օրգանիզմում լսող սարք է տեղադրել, որով էլ փորձում է կառավարել իրեն:

Նախկին գերին «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության աջակցությամբ Երեւանում բուժում է ստացել, այդուհանդերձ` նրա առողջության վերաբերյալ տրված նախնական գնահատականում մատնանշվում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:

Բադալյանի առողջության վերաբերյալ, ինչպես նաեւ գերությանը առնչվող փաստաթղթերը փաստաբանը կցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված գործին: Մարուքյանը հույս ունի, որ երկու տարվա ընթացքում դատարանը վարույթ կընդունի դիմումը, քննելուց հետո էլ ի օգուտ Բադալյանի որոշում կկայացնի:

«Նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցման հարցը մենք թողել ենք դիմումի` վարույթ ընդունվելուց հետո: Քանի որ Արթուր Բադալյանը դեռեւս տառապում է, վերաինտեգրման պրոցեսում է եւ ծախսեր է կատարում դրա հետ կապված, մեր վերջնական հաշվարկը, բնականաբար, կներկայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին», - ասաց փաստաբանը:

Սա առաջին դեպքն է, երբ հայկական կողմը որոշում է դատի տալ Ադրբեջանին իր քաղաքացուն խոշտանգումների ենթարկելու համար: Փաստաբանի կարծիքով` դատարանի որոշման կայացման համար մի քանի տարի կպահանջվի: Այն կդառնա նախադեպ այլ դեպքերի համար եւս, նշում է նա:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` Ադրբեջանում ներկայումս երեք հայ ռազմագերի կա եւ հինգ հոգանոց մեկ ընտանիք, Հայաստանում` մեկ ադրբեջանցի ռազմագերի:


Նախկին գերու բողոքը ուղարկվեց Եվրադատարան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG