Մատչելիության հղումներ

Stratfor. «Ռուսաստանը եւ Ադրբեջանը Սոչիի հանդիպմամբ ԱՄՆ-ին ցույց տվեցին իրենց սերտ կապերը»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Սոչիում, 9-ը օգոստոսի, 2011թ.
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Սոչիում, 9-ը օգոստոսի, 2011թ.
Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը, անդրադառնալով Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` օգոստոսի 9-ին Սոչիում կայացած հանդիպմանը, գրում է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը այս հանդիպումը օգտագործեցին իրենց սերտ կապերը Միացյալ Նահանգներին ցույց տալու համար:

Այդ հիշեցումը, նշում են Stratfor-ի վերլուծաբանները, կատարվեց պաշտոնական Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ լարվածության մեծացման եւ Ադրբեջանի էներգակիրների նկատմամբ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունների ֆոնին:

Նշելով, որ ինչպես հաղորդում էին լրատվամիջոցները` հանդիպման հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն էր, Stratfor-ը հավելում է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը հարցերի ավելի լայն շրջանակ են քննարկել:

«Ռուսական մեր աղբյուրների վկայությամբ` ԱՄՆ - Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր իրավիճակը վատթարանում է: Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ պայքարի թատերաբեմերից մեկը Կովկասն է, եւ այստեղի իրավիճակը երկար ժամանակ ինդիկատորի դեր է խաղում` ցույց տալով Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների մակարդակը», - գրում են Stratfor-ի վերլուծաբանները` շարունակելով. - «Ռուսաստանը ցանկանում է օգտագործել Ադրբեջանի հետ գործընկերությունը` հիշեցնելու համար Միացյալ Նահանգներին Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Ադրբեջանը, իր հերթին, ցանկանում է ճնշել Վաշինգտոնին, միաժամանակ` օգնել Մոսկվային. դա Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության մի մասն է` հակադրելու նրանց շահերը` բարելավելու համար իր դիրքերը, հետապնդելու համար իր սեփական նպատակները»:

Ըստ վերլուծության, Ադրբեջանը պատճառներ ունի համագործակցելու Ռուսաստանի հետ: Stratfor-ի վերլուծաբանները նշում են, որ Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները, ընդհանուր առմամբ, պրոբլեմատիկ են: Բերվում է Միացյալ Նահանգներում գործող հայկական ուժեղ լոբբիստական կազմակերպությունների օրինակը, որոնք կարող են պաշտոնական Վաշինգտոնին ուղղորդել` աջակցելու համար ավելի շատ հայկական շահերին, քան` Ադրբեջանի: Նշվում է, որ մինչեւ հիմա ուժի մեջ է Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու ԱՄՆ-ի արգելքը:

Stratfor-ի փորձագետները նշում են, որ չնայած պաշտոնական Վաշինգտոնի եւ Բաքվի միջեւ տարաձայնություններին` Միացյալ Նահանգները շատ հետաքրքրված է մնում Ադրբեջանի էներգետիկ ոլորտով: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Միացյալ Նահանգները նշանակալից գումարներ է ներդրել Ադրբեջանի էներգետիկ արդյունաբերությունում: ԱՄՆ-ը կցանկանար, որ Ադրբեջանը մեծ դերակատարություն ունենա էներգակիրների արտադրության եւ տեղափոխման համակարգերում, ինչը եվրոպական շուկաներին թույլ կտա դիվերսիֆիկացնել Ռուսաստանի էներգետիկ մատակարարումները: Եթե Ադրբեջանը եւ Ռուսաստանը համաձայնության գան, որ Ադրբեջանը զարգացնի էներգետիկ իր ծրագրերը` առանց ազդելու Ռուսաստանի էներգետիկ իշխող դիրքերի վրա, ապա դա տարածաշրջանում հարված կլինի ԱՄՆ-ի շահերին:

«Ադրբեջանը կովկասյան մյուս երկրներից ավելի մեծ դեր է խաղում դրսի հզոր ուժերի շահերը միմյանց հակադրելով, որպեսզի ինքը լավագույն դիրքը ստանա սեփական շահերը հետապնդելու համար` առաջին հերթին զարգացնելու նավթի եւ գազի ոլորտները», - եզրակացնում են Stratfor-ի վերլուծաբանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG