Մատչելիության հղումներ

Հայաստանի հետ երկակի հարկումը բացառող պայմանագիր կնքելու կոչ` ԱՄՆ-ին


ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթներ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթներ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Միացյալ Նահանգների իշխանություններին Հայաստանի հետ երկակի հարկումը բացառող պայմանագիր կնքել: Օրերս ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթներին նման կոչ պարունակող ուղերձով է դիմել Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը:

Ամերիկահայ ամենաազդեցիկ կառույցներից մեկի նախագահի նամակում, մասնավորապես, ասված է. - «Ակնհայտ է, որ երկակի հարկման մասին պայմանագրի բացակայությունն էականորեն եւ լրջորեն ազդում է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրային հարաբերությունների որակական ու քանակական ցուցանիշների վրա: Պայմանագրի բացակայության պատճառով ի հայտ եկող հստակության բացակայությունը պոտենցիալ ներդրողներին ստիպում է բիզնես հաշվարկներում ներառել նաեւ հնարավոր ծախսերն ու նոր ռիսկերը, ինչպես նաեւ անորոշության զգացում է առաջացնում»:

Խաչիկյանի համոզմամբ` այդ անորոշությունը երբեմն որոշիչ դեր է խաղում, երբ ամերիկացի առաջատար ներդրողները որոշում են հրաժարվել Հայաստանում գործարար ակտիվություն ծավալելու մտադրությունից:

«Ամերիկացի ներդրողները, մասնավորապես` խոշոր ընկերությունները, սովոր են իրենց գործունեությունը ծավալել կանխատեսելի հարկային ռեժիմի պայմաններում: Բնական է, որ նրանց չի կարող չմտահոգել այն հանգամանքը, որ հարկային համաձայնագրի բացակայության պայմաններում իրենք կարող են ենթարկվել վարչական եւ անգամ քրեական պատասխանատվության», - նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարի նամակում:

Խաչիկյանը նաեւ նկատում է, որ երկակի հարկման մասին համաձայնագրի բացակայությունը հարվածում է թե' ամերիկյան եւ թե' հայկական ընկերություններին:

«Ակնհայտ է, որ այս համաձայնագրի բացակայությունը ամերիկյան ընկերությունների համար Հայաստանը շատ ավելի անհրապույր է դարձնում որպես ներդրումների իրականացման վայր, նվազում է նաեւ Միացյալ Նահանգների գրավչությունը արտերկրում գործունեություն ծավալած հայկական ընկերությունների մոտ», - նշում է Քեն Խաչիկյանը:

Ամերիկահայ գործիչը նաեւ նկատում է, որ ի տարբերություն Հայաստանի` տարածաշրջանի մի շարք այլ երկրների հետ պաշտոնական Վաշինգտոնը արդեն իսկ կնքել է երկակի հարկումը բացառող համաձայնագրեր: Նման համաձայնագրեր են կնքվել Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, բալթյան երկրների, ինչպես նաեւ Իսրայելի, Հունաստանի, Իռլանդիայի, Իտալիայի, այլ երկրների հետ, որոնք մեծ սփյուռք ունեն Միացյալ Նահանգներում: «Հայաստանի պարագայում, սակայն, հակառակ պատկերն է առկա», - նշում է Հայ դատի հանձնախմբի ղեկավարը:

Մատնանշելով Հայաստանի կողմից ազատական տնտեսության ստեղծման ուղղությամբ գործադրած ջանքերն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախագահի` Հայաստանի հետ կապերի սերտացման մասին հավաստիացումները, Խաչիկյանը, դիմելով Թիմոթի Գեյթներին, գրում է. - «Հուսով եմ, որ առաջիկայում մենք հնարավորություն կստանանք քննարկելու այն ուղիները, որոնց միջոցով իրականություն կդառնա հայ - ամերիկյան առեւտրային կապերի սերտացման` նախագահի տեսլականը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG