Մատչելիության հղումներ

Քննչական խմբի ղեկավարը բացառում է բանակի կողմից զենքի կիրառումը Մարտի 1-ին


Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյան
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյան
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի փոխանցմամբ, բանակի որեւէ ստորաբաժանում չի մասնակցել Մարտի 1-ի զանգվածային անկարգությունները «անմիջականորեն կանխելու» գործողություններին:

«Դրանք ամբողջությամբ իրականացրել են ոստիկանության զորքերը, ոստիկանությանն ծառայողները: Բանակի հարցը, իհարկե, քննարկվել է, եւ չեն եղել ստորաբաժանումներ, որոնք Մարտի 1-ի զանգվածային անկարգությունները կանխելու ընթացքում կիրառած լինեն հրազեն», - այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ասաց Վահագն Հարությունյանը:

Քննչական խմբի ղեկավարի պարզաբանմամբ, Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում բանակը ընդհանրապես որեւէ շփում քաղաքացիների հետ չի ունեցել, այդ իսկ պատճառով փորձաքննությունը չի նշանակվել: Վահագն Հարությունյանը նաեւ ասաց, որ հակառակ դեպքում իրենք ստիպված կլինեին փորձաքննության ենթարկել բանակի տրամադրության տակ եղած բոլոր զենքերը, ինչը, նրա կարծիքով, տեխնիկապես եւ ֆիզիկապես հնարավոր չէ:

Թեեւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը հայտարարում է, որ բանակի ստորաբաժանումները ներգրավված չեն եղել 2008 թվականի մարտի 1-ի զանգվածային անկարգությունները կանխելու գործողություններում, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ այդ օրը նույնիսկ մինչեւ արտակարգ դրության հայտարարումը Զինված ուժերի ստորաբաժանումները փաստացիորեն ներգրավվել են քաղաքական գործընթացներին` տեղակայվելով Երեւան քաղաքի տարբեր հատվածներում` Հանրապետության հրապարակում, Մելիք Ադամյան, Տիգրան Մեծ փողոցներում: ՀԱԿ-ը հավաստիացնում է, որ առկա են այս փաստը ապացուցող լուսանկարներ եւ տեսաժապավեններ:

Այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Վահագն Հարությունյանն ասաց, թե ոչ ոք, այդ թվում նաեւ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովը, իրենց նման կադրեր չի տրամադրել:

Չնայած քննչական խմբի այս հավաստիացումներին, Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ այդ կադրերում պատկերված զինվորականների լուսանկարը իրենք տրամադրել են Մարտի 1-ի գործով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովին, որն էլ այն փոխանցել է քննչական խմբին:

Այսօր հրավիրած ասուլիսում Վահագն Հարությունյանը նաեւ ներկայացրեց YouTube կայքում հայտնված Մարտի 1-ին առնչվող կադրերի փորձաքննության արդյունքները: Մոտ երեք ամիս առաջ այդ կայքում տեղադրվել էր տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանների շարքերից ինչ-որ անձինք հորիզոնական ուղղությամբ կրակոցներ են արձակում:

Քննչական խմբին չի հաջողվել պարզել, թե ովքեր են կրակոցներ արձակողները, սակայն փորձաքննությամբ պարզվել է, որ կրակոցները ամենայն հավանականությամբ կատարվել են անգնդակ փամփուշտներով: Վահագն Հարությունյանը նշեց, թե քանի որ տեսանյութի պատկերները հստակ չեն, հնարավոր չէ ասել, թե կոնկրետ ինչ տեսակի զենքից են դրանք արձակվել եւ միայն հավանական հետեւություններ կարելի է անել:

«Ձգաբանը հանգել է հետեւության, որ տրամադրված կադրերում հավանական երկու կրակոցները հնարավոր է կատարված լինեն АКСУ ինքնաձիգից արձակված անգնդակ փամփուշտներով», - պարզաբանեց նա:

Հիշեցնենք` իր վերջին ասուլիսում Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել էր, թե Մյասնիկյանի արձանի շրջակայքից հայտնաբերված պարկուճներից ավելի քան 3 հարյուրն արձակվել են «քննությամբ չպարզված եւ ոստիկանությունում չգտնվող զենքերից»: ՀԱԿ-ը արձագանքել էր, որ դա պարզելու համար անհրաժեշտ է քննության ենթարկել բանակի տրամադրության տակ եղած զենքերը:

Իշխանությունների հետ երկխոսությանն ընդառաջ` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պահանջներից մեկը, ինչպես հայտնի է, 2008-ի մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների մահվան հանգամանքների բացահայտումն է եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը: Քննությանը «նոր թափ հաղորդելու»` նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 20-ի հանձնարարականից անցել է շուրջ 3.5 ամիս, բայց առայժմ որեւէ զգալի տեղաշարժ չկա:
Քննչական խմբի ղեկավարը սակայն համաձայն չէ այն դիտարկմանը, որ անգամ նախագահի հանձնարարականից հետո քննչական խումբը չկարողացավ որեւէ բան անել:

«Արվել է շատ բան: Այլ հարց է, թե ինչ հնարավոր եղավ պարզել. նոր փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կտային լույս սփռել որեւէ հանցագործության դեպքի, կամ օգնել այդ դեպքի բացահայտմանը` չենք ստացել: Բայց դա չի նշանակում, որ չհաջողվեց ոչինչ անել: Արվել է շատ բան, անելիքներ դեռ կան եւ շարունակվում են», - հայտարարեց Վահագն Հարությունյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG