Մատչելիության հղումներ

Հայաստանում գյուղի եւ գյուղատնտեսության համակարգային զարգացման ծրագիր է մշակվում


Հայաստանի կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացվել է գյուղի եւ գյուղատնտեսության համակարգային զարգացման ծրագիրը` մշակված խոշոր համայնքների համար:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` խորհրդակցության մասնակիցների թվում էին պատասխանատու նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներ, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի անդամներ:

Քննարկվել են, մասնավորապես, համակարգային մրցունակության բարձրացման ու համայնքի մակարդակում մրցունակ տեղական տնտեսության զարգացման մոդելի ստեղծման մեխանիզմները եւ ուղիները, անդրադարձ է արվել նաեւ Հայաստանում շուկայական խորհուրդների ձեւավորման հեռանկարներին: Նշվել է, որ այդ խորհուրդների գործունեությունը նպատակաուղղված է լինելու գյուղմթերքներ արտադրողների կայուն զարգացման եւ պաշտպանվածության, ոլորտում արդարության, կայունության եւ արդյունավետության ապահովմանը, ինչպես նաեւ մատչելի եւ առողջ գյուղմթերք սպառելու հանրության շահի պաշտպանվածությանը:

Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներին մեկ ամսվա ընթացքում գրավոր ներկայացնել ծրագրի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որից հետո կմշակվի միջոցառումների հստակ ծրագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG