Մատչելիության հղումներ

Հայաստանի հյուպատոսը այցելել է Լոս Անջելեսում ազատազրկված հայաստանցիների


Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը օգոստոսի 8-ին հերթական այցելությունն է կատարել Լոս Անջելեսի մարզի կալանավայրերից մեկը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` գլխավոր հյուպատոսը հանդիպել է ազգությամբ հայ, Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձանց հետ, ովքեր տարբեր պատժաչափով գտնվում են ազատազրկման վայրում: Գրիգոր Հովհաննիսյանը ծանոթացել է հայ կալանավորների կեցության պայմաններին, կալանավորների հետ զրուցել նրանց իրավունքների պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը առնչվող հարցերի մասին:

Գլխավոր հյուպատոսին ուղեկցել է Հայ Առաքելական եկեղեցու ավագ սարկավագ Րաֆֆի Օհաննեսը, որը պարբերաբար այցելում է ամերիկյան ազատազրկման վայրերում գտնվող հայ քաղաքացիներին:

Ամերիկյան բանտերում հայաստանցի կալանավորների մեծ թվի մասին վերջերս շրջանառվող խոսակցությունների համատեքստում, Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ ներկայացվող թվերը պաշտոնական տվյալներ չեն եւ խիստ ուռճացված են: Ամերիկյան իրավասու մարմինների կողմից Հայաստանի գլխավոր հյուպատոսություն ներկայացված տվյալների համաձայն` 2011 թվականի առաջին կեսի ընթացքում ձերբակալվել է 151 Հայաստանի քաղաքացի: Ընդ որում, նրանց չնչին տոկոսն է դատապարտվել ազատազրկման:

Ամերիկյան իրավասու մարմիններից ստացած տեղեկությունների համադրությամբ` Լոս Անջելեսի մարզի բանտերում գտնվող Հայաստանի քաղաքացիների թիվը չի գերազանցում 1000-ը:

Վերջին շրջանում, սակայն, նկատվում է ԱՄՆ-ում գտնվելու արտոնագրի ժամկետը խախտող եւ երկրից վտարվող Հայաստանի քաղաքացիների թվի աճ: 2011 թվականին Միացյալ Նահանգների պատկան մարմինները Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն են դիմել 50 Հայաստանի քաղաքացու վտարման հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG