Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայան. «Ռուսաստանը փորձում է կանխել Ղարաբաղում պատերազմի վերսկսումը»


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվային լուսանկար

Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվային լուսանկար

Ռուսաստանը այժմ փորձում է կանխել Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Արձագանքելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների օգոստոսի 9-ի հանդիպմանը եւ ռուս - վրացական պատերազմի դասերի մասին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարություններին, Բաբայանը ասաց, որ «գերխնդիրն այսօր խաղաղության պահպանումն է»:

«Այս պահի դրությամբ երեւի ամենակարեւոր խնդիրը, որին ուզում է հասնել Ռուսաստանի Դաշնությունը, այն է, որ պատերազմ չլինի, որովհետեւ պատերազմի վերսկսումը իրոք հղի է անկանխատեսելի հետեւանքներով` տարբեր պետությունների ներգրավմամբ», - ընդգծեց Ղարաբաղի նախագահի խոսնակը:

Օրերս երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում Դմիտրի Մեդվեդեւի արած հայտարարությունը, որ 2008 թվականի ռուս - վրացական հնգօրյա պատերազմը լուրջ դաս էր Հայաստանի ու Ադրբեջանի համար, Դավիթ Բաբայանի համոզմամբ, «Ադրբեջանին ուղղված մեսիջ էր». - «Վերջին տարիներին Ադրբեջանը բավականին հստակ կերպով ցույց է տալիս իր միլիտարիստական կեցվածքը` մեծ ծախսեր են անում զենքի գնման վրա, եւ այլն, եւ այլն: Եվ այդ մրցավազքը` պատերազմական, միլիտարիստական, բերում է նրան, որ Ադրբեջանը հետզհետե կտրվում է իրականությունից եւ սկսում է արդեն ավելի անմտածված քայլեր անել, փորձում է ուժի միջոցով հարցը կարգավորել, որը անհնարին է իհարկե, իսկ սա բերում է ինքնին արդեն վտանգավոր զարգացումների: Հատկապես Ադրբեջանին պետք է հասկացնել, որ պատերազմը անթույլատրելի է»:

«Ռուսաստանը պետք է ցույց տա, ինձ թվում է, [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի] համանախագահող այլ երկրների հետ մեկտեղ, որ պատերազմական գործողությունների վերսկսումը ցանկալի չէ, եւ նույնիսկ եթե դրա այլընտրանքը կլինեն անվերջ բանակցությունները, ապա դա պետք է ընդունվի որպես հիմք: Եվ սա, ինձ թվում է, շատ կարեւոր է», - ասաց Ղարաբաղի նախագահի խոսնակը:

Ռուսաստանի եւ ղարաբաղյան կարգավորման մյուս միջնորդ երկրների համար այսօր ավելի ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը, քան պատերազմական գործողությունների վերսկսումը, կարծում է Դավիթ Բաբայանը` դա պայմանավորելով նաեւ տարածաշրջանում եւ Ռուսաստանում հաջորդ տարի սպասվող ընտրական գործընթացներով։ Այդ առումով, Ղարաբաղի նախագահի խոսնակը կարեւորեց երեքշաբթի օրը Սոչիում կայացած Մեդվեդեւ - Ալիեւ հանդիպումն ու օգոստոսի 12-ին Աստանայում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ընթացքում քաղաքական շրջանակները հնարավոր են համարում Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը:

«Սա, ինձ թվում է, վերջին, այսպես ասած, կարեւոր հանդիպումներից մեկն է, որի ժամանակ պետք է ֆիքսվի պատերազմի անթույլատրելիության սկզբունքը` վերջնականապես եւ շատ հստակ ձեւով», - ասաց Բաբայանը` հավելելով. - «Բոլոր կողմերն էլ ուզում են նորմալ մթնոլորտում անցկացնել ընտրությունները, ոչ թե, ասենք, պատերազմական գործողությունների ժամանակ, անկանխատեսելի հետեւանքների ներքո»:

Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար, քաղաքագետ Մասիս Մայիլյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պատերազմը այսօր «տարածաշրջանում խաղացողներից որեւէ մեկին ձեռնտու չէ»: Սակայն այն կանխելու համար, ըստ նրա, «պետք է կիրառվեն ե'ւ ռազմատեխնիկական միջոցառումներ, այսինքն` պետք է պահպանվի հավասարակշռությունը կողմերի միջեւ, եւ երկրորդը քաղաքական ճանապարհն է` պետք է հայկական հատկապես դիվանագիտությունը եւ այն պետությունները, որոնք իրոք չեն ուզում, որ այստեղ պատերազմ լինի, աշխատեն Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ, որովհետեւ միակ արդյունավետ ճանապարհը, որը ապահովում է անվտանգությունը հակամարտող տարածաշրջաններին` միջազգային ճանաչումն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG