Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի 7 ակտիվիստները ձերբակալվել են


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր դատապարտել է իր ակտիվիստների հետ նախօրեին տեղի ունեցածը` դա որակելով սադրանք եւ դիտարկելով որպես «իշխանությունների արձագանք երկխոսության շրջանակներում սկսված արտահերթ ընտրությունների մասին բովանդակային քննարկմանը»:

«Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած ծավալուն փաստաթուղթն, ըստ էության, անհարմար վիճակի մեջ է դրել վարչախմբին եւ նման քայլերով փորձ է արվում վիժեցնել բովանդակային այս քննարկումը: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ չունենալով փաստարկներ` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնավորումների վերաբերյալ, ռեժիմը դիմում է Կոնգրեսի դեմ պայքարում իր համար սովորական դարձած բիրտ ուժի կիրառմանը: Բացառված չէ նաեւ, որ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը», - ասված է հայտարարությունում:

ՀԱԿ-ը պահանջում է «անհապաղ ազատ արձակել բոլոր երիտասարդներին եւ օրենքով սահմանված կարգով պատժել բոլոր այն ոստիկաններին, ովքեր բռնություն են կիրառել ինչպես նրանց, այնպես էլ փաստաբանների նկատմամբ»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները իշխանության հետ երկխոսությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով այսօր քաղխորհրդի նիստ հրավիրելու որոշում կայացրեցին երեկ՝ Երեւանի ոստիկանության Կենտրոնականի բաժնի բակում, երբ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի 7 ներկայացուցիչներ՝ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն, Սարգիս եւ Արեգ Գեւորգյանները, Արտակ Կարապետյանը եւ Սահակ Մուրադյանը։

Նախնական տեղեկություններով, ընդդիմադիր ակտիվիստները ոստիկանություն բերման են ենթարկվել, երբ փորձել են կանխել մի քանի երիտասարդների ստուգելու` ոստիկանների փորձերը: Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտվիստները, ըստ նախնական տեղեկությունների, միջամտել են, որի հետեւանքը եղել է նրանց եւ ոստիկանների միջեւ քաշքշոցը:

Այսօր արդեն նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ հիվանդանոց է տեղափոխվել մեկ ոստիկան:

Մինչդեռ, ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանի պնդմամբ, ընդդիմադիրների վրա կան բռնության հետքեր։

Ստեփան Ոսկանյանը վկայեց, որ բռնություններ են կիրառել նաեւ ոստիկանությունում. - «Եկան մի երեսուն հոգով` մոտավորապես 3:30-ի սահմաններում, կարմիր բերետավորներ էլ կային, դիմակավորված անձինք էլ կային: Բռնությամբ բոլորին առանձնացրեցին տարբեր սենյակներ, մեզ չթողեցին դուրս գանք, փակված ենք եղել սենյակում` մյուս փաստաբանի հետ մի սենյակում, մեզ ասացին, որ «նույնիսկ չենք թողնում շենքից դուրս գալ»: Նույնիսկ վկայի կարգավիճակ էլ չի եղել, որ գոնե վկայի փաստաբան մենք հանդես գանք»:

Ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարանի մոտից այսօր վաղ առավոտյան Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը նույնպես ասաց. - «Ներսից լսեցինք մեր տղաների ձայները, եւ նրանց հարվածում էին»:

Երիտասարդ ակտիվիստների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ գիշերը մինչեւ ժամը 5-ը հավաքված մնացին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն ու համակիրները: Մթնոլորտը երբեմն շիկանում էր:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին գիշերն ասաց, որ կապ է հաստատել երկխոսության նպատակով ձեւավորված իշխանական աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանին առաջարկել է միասին ներկայանալ ոստիկանություն, սակայն վերջինս հրաժարվել է:

Այսօր արդեն Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ առավոտյան այցելել է ժամանակավոր պահման մեկուսարան եւ հանդիպել ընդդիմադիրներին:

«Այն տեղեկությունը, որ ես ստացել էի, որ նրանց նկատմամբ ժամանակավոր պահման վայրում բռնություններ են տեղի ունեցել, չի համապատասխանում իրականությանը: Մեկի մոտ ես տեսել եմ քերծվածքներ, բայց ընդհանուր առմամբ ես զննում չեմ իրականացրել` ես բժիշկ չեմ», - ասաց Հարությունյանը:

ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստները
Կոնգրեսի համակարգողը անցած գիշեր տեղի ունեցածը գնահատեց իշխանության հետ երկխոսության տեսանկյունից. - «Սա արդեն լուրջ կասկածի տակ է դնում ամբողջ երկխոսության գործընթացը: Մենք, իսկապես, պետք է լուրջ հիմա վերլուծենք ստեղծված իրավիճակը եւ որոշում ընդունենք` արդյոք մեզ նման երկխոսություն պետք է»:

Հայ ազգային կոնգրեսը կեսօրին հրավիրել է նիստ` հետագա անելիքների հստակեցման նպատակով:

Հիշեցնենք՝ ՀԱԿ-ի երիտասարդական թեւի ակտիվիստներ Վահագն Գեւորգյանը եւ Արեգ Գեւորգյանը հուլիսի 29-ին դիմել էին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` խնդրելով քրեական պատասխանատվության ենթարկել, իրենց բնորոշմամբ` «հակաօրինական գործողություն կատարած ոստիկանության աշխատակիցներին»: Նրանք նշել էին, որ հուլիսի 28-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում, «Նաիրի» կինոթատրոնի դիմաց թռուցիկներ են փակցրել ընդդիմության` օգոստոսի 2-ի հանրահավաքի իրազեկման նպատակով, երբ նրանց են մոտեցել «ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցներ, քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր առանց ներկայանալու, առանց օրինական որեւէ պահանջ ներկայացնելու քաշքշել են իրենց, ինչի արդյունքում Վահագն Գեւորգյանը եւ Արեգ Գեւորգյանը ստացել են մարմնական վնասվածքներ»:

Իշխանության եւ ընդդիմության պատվիրակների՝ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ ՀԱԿ–ի ներկայացուցիչները բարձրացրել էին նախորդ դեպքի մեղավորներին պատժելու հարցը. իշխանական աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն ասել է, թե մինչեւ հաջորդ երեքշաբթի կփորձեն պարզել եւ պատասխան տալ այդ հարցին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG