Մատչելիության հղումներ

Օգոստոսի 9-ի երեկոյան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ ՝ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն, Սարգիս եւ Արեգ Գեւորգյանները, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Փաստաբան Վահե Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ տղաները ոստիկանություն բերման են ենթարկվել այն բանից հետո, երբ ոստիկանները «առանց որեւէ պահանջ ներկայացնելու՝ հարձակվել են, ապա բռնություններ կիրառել»:

Փաստաբանն ասաց, որ տղաների վրա բռնության հետքեր կան. Դավիթ Քիրամիջյանի ճակատը պատռված է, պատռվածք կա նաեւ Արեգ Գեւորգյանի ճակատին: Ոստիկանության բաժին շտապօգնություն է հրավիրվել։

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իր տեղեկություններով, Հյուսիսային պողոտայում, երբ ոստիկանները մոտեցել են երկու երիտասարդների եւ փորձել ստուգել նրանց գրպանները, ՀԱԿ ներկայացուցիչները պահանջել են գործել օրենքի սահմաններում: Այդ պահին սկսվել է վիճաբանություն ոստիկանների եւ ՀԱԿ ներկայացուցիչների միջեւ:

Ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ էին հավաքվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն ու համակիրները:
Հիշեցնենք՝ ՀԱԿ–ի երիտասարդական թեւի ակտիվիստներ Վահագն Գեւորգյանը եւ Արեգ Գեւորգյանը հուլիսի 29-ին դիմել էին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` խնդրելով քրեական պատասխանատվության ենթարկել, իրենց բնորոշմամբ` «հակաօրինական գործողություն կատարած ոստիկանության աշխատակիցներին»: Նրանք նշել էին, որ հուլիսի 28-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում, «Նաիրի» կինոթատրոնի դիմաց թռուցիկներ են փակցրել ընդդիմության` օգոստոսի 2-ի հանրահավաքի իրազեկման նպատակով, երբ նրանց են մոտեցել «ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցներ, քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր առանց ներկայանալու, առանց օրինական որեւէ պահանջ ներկայացնելու քաշքշել են իրենց, ինչի արդյունքում Վահագն Գեւորգյանը եւ Արեգ Գեւորգյանը ստացել են մարմնական վնասվածքներ»:

Իշխանության եւ ընդդիմության պատվիրակների՝ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ ՀԱԿ–ի ներկայացուցիչները բարձրացրել էին նախորդ դեպքի մեղավորներին պատժելու հարցը. իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասել է, թե մինչեւ հաջորդ երեքշաբթի կփորձեն պարզել եւ պատասխան տալ այդ հարցին։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG