Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է ապահովի Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը


ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհուրդը Հայաստանի կառավարությանն ութ ամիս ժամանակ է հատկացրել` մշակելու գործողությունների ծրագիր, որով կապահովվի Օրհուսի կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը:

Անցած ամսվա վերջում ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհուրդը Քիշնեւում Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպման ընթացքում քննարկելով նաեւ Հայաստանի բնապահպանական հասարակական կազմակերպությունների բողոքը` եզրակացությամբ ամրագրել է խախտումները. «Հայաստանը չի ապահովել Օրհուսի կոնվենցիայով ամրագրված շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործում հանրության պատճաշ մասնակցությունը, շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության ու արդարադատության մատչելիությունը»:

Հայաստանի կառավարությանը առաջարկվել է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիային:

Օրհուսի կոնվենցիայի Հայաստանի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը, ով մասնակցել է Քիշնեւի հանդիպմանը, գտնում է, որ որոշումը «խիստ» որակել Հայաստանի համար ճիշտ չէ: Այն հիմնականում ուղղված է օրենսդրության փոփոխությանը:

Իսկոյանը գտնում է, որ թեեւ Հայաստանի իշխանությունները Օրհուսի կոնվենցիային համապատասխանեցնելու նպատակով օրենքները չեն կատարելագործել, չի նշանակում, որ անտեսել են շրջակա միջավայրի խնդիրները:

Օրհուսի կոնվենցիայի Հայաստանի ազգային համակարգողը մատնանշում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրենքը, որով նախատեսվում է հաշվի առնել հանրության համաձայնությունը շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործողությունների դեպքում:

«Օրենքի թերությունն այն է, որ դրա ապահովման համար բացակայում են հստակ մեխանիզմները», - կարծում է Իսկոյանը: - «Վերջին հաշվով, նպատակը, որ դրված է փորձաքննության առջեւ` ապահովել շրջակա միջավայրի որակը` որպես մարդու կենսամիջավայր, այդ մեխանիզմը դեռ չունի մեր գործող օրենքը»:

Խնդիրը, հիշեցնենք, առնչվում է Դալմային այգիներին եւ Թեղուտի հանքավայրին:

Մինչ Իսկոյանը լավատեսորեն է տրամադրված, բնապահպաններից շատերը տարակուսում են, թե ինչպես ստացվեց, որ 16 տարի առաջ` դեռեւս 1995 թվականին վավերացրած կոնվենցիան Հայաստանը դեռ ոչ միայն չի կիրառում, այլեւ իր օրենսդրությունը չի համապատասխանեցրել կոնվենցիայի դրույթներին:

«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը թեեւ դիտավորություն չի որակում Հայաստանի իշխանությունների այսպես ասած անգործությունը, բայց եւ գտնում է, որ անցած տարիների ընթացքում կարելի էր ինչ որ գործողություններ կատարել. - «Տասը տարվա ընթացքում կարելի էր, չէ՞, ապահովել, որ այդպիսի կարգ մշակվեր: Սա ուղղակի չի արվել»:

Զարաֆյանի գնահատմամբ, հասարակության մասնակցությունը մինչեւ օրս ձեւական բնույթ է կրել: Հասարակական լսումներին հիմնականում մարդկանց բերում-նստեցնում են, ստորագրել տալիս փաստաթղթերի տակ ու վերջ: Որեւէ մեկի առաջարկը կամ կարծիքն ըստ էության չի քննարկվում: Մինչդեռ եթե անգամ մեկը համաձայն չէ, որ իր սեփական տարածքը ճանաչվի հանրային գերակա տարածք, իշխանությունը պարտավոր է ստանալ նաեւ նրա համաձայնությունը:

«Եթե այդ մարդը չի ուզում, այդ տունը այնքան կմնա, քանի դեռ նա չի տվել իր համաձայնությունը: Այ սա է մարդու կարծիքի հետ հաշվի նստելը», - հավելեց Զարաֆյանը:

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հիմնադիր անդամ Սոնա Այվազյանը եւս մասնակցել է Քիշնեւի հանդիպմանը: Նա գտնում է, որ կառավարությունը դեռ ժամանակ ունի մշակելու այն գործողությունները, որոնք կապահովեն ազգային օրենսդրության համապատասխանությունը կոնվենցիային:

«Դրանից հետո հնարավոր է շատ արտոնագրեր ճանաչվեն անօրինական», - կարծում է Այվազյանը. - «Դա, մասնավորապես, վերաբերում է Հրազդանի երկաթի հանքավայրին, Սվարանցի երկաթի հանքավայրին, Սոտքի հանքավայրում այդ հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցմանը, Քաջարանի ընդարձակման հետ կապված որոշմանը, որ արդեն իսկ կառավարությունը ճանաչել է գերակա շահ եւ պատրաստ է մարդկանց տեղահան անել»:

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ով Քիշնեւում պաշտոնապես ներկայացրել Հայաստանը, հանդիպումներ է ունեցել բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու մշակվելիք գործողությունները: Դրանց մասին մանրամասներ նախարարությունից խոստացան փոխանցել ավելի ուշ:
please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG