Մատչելիության հղումներ

Թումանյանի «Բարեկենդան» եւ «Սուտասան» հեքիաթնեը թարգմանվել են 14 լեզուներով: Գրքերին կցվել է նաեւ սկավառակ, որի վերջում տեղ է գտել մեկ օրորոցային երգ եւ գրքի գունազրկված նկարները, որպեսզի երեխաները կարողանան գունավորել դրանք:

«Ուրախ հեքիաթներ քնելուց առաջ» մատենաշարի նախաձեռնող, հրատարակիչ Ռիչարդ Գիդաչյանը նշեց, որ հրատարակության եւ թարգմանությունների ծախսերն ամբողջությամբ ինքն է հոգում:

«Յուրաքանչյուր հեքիաթ լույս է տեսնում ամենաշատը 100 օրինակով», - նշեց Գիդաչյանը եւ հավելեց, որ ծրագիրը շարունական է լինելու եւ արդեն պատրաստ են «Տերն ու ծառան» հեքիաթի թարգմանությունները:

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ով նույնպես ծրագրի նախաձեռնեղներից է, նշեց. - «Թարգմանությանը պետք է գնահատական տա տվյալ ժովորդը. մնում է հասկանանք, տեղեկանանք, թե այդ երկրներում կարդում են այդ գործերը, նրանց երեխաները ինչպես են ընկալում եւ ընդունում դրանք»:

Ծրագրի նախաձեռնողները նշեցին, որ յուրաքանչյուր հեքիաթին կցելու են նոր կոմպոզիտորի ստեղծագործություն. տարբեր են լինելու նաեւ հեքիաթների նկարիչ-պատկերազարդողները:

Գրախանութում այս հեքիաթներն ամենավաճառվող մանկական գրքերի շարքում են: Ռիչարդ Գիդաչյանը նշեց, որ ամեն ինչ արվում է, որ գրքերը վաճառքի հանվեն այն երկրներում, որ լեզուներով թարգմանվել են:

Կազմակերպիչները կարծում են, որ այս նախաձեռնությունը ճանապարհ է հարթելու դեպի ընթերցանությունը եւ սեր է արթնացնելու մանուկների մեջ գրքի հանդեպ:

«Մի առավելություն կա, երբ ծնողներն են կարդում իրենց երեխաների համար եւ ստացվում է, որ ես ստիպում եմ շատ օտարերկրացիների կարդալ, ծանոթանալ հայկական հեքիաթներին», - նշեց Գիդաչյանը:

XS
SM
MD
LG