Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը արտահերթ նախագահական ընտրությունները հավանական չի համարում


Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը Հայաստանում հավանական չէ:

«Նմանատիպ քաղաքական պրոցես այս պահի դրությամբ կարծեք թե չկա` իշխանությանը շատ ուժեղ աջակցում է ընդդիմության մի հատվածը [Հայ ազգային կոնգրեսը], որպեսզի բավականին ուժեղ, միջազգային հանրության առջեւ բավականին ներկայանալի նախագահ լինի», - այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ասաց Մարտիրոսյանը: - «Բնականաբար, նման ուժեղ նախագահը ի՞նչ կարիք ունի արտահերթ ընտրություններ անցկացնելու»:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա «Ժառանգության» պատգամավորի համոզմամբ, իշխանությունները կգնան այդ քայլին միայն այն դեպքում, երբ վստահ լինեն, որ այդ ընտրություններում շատ մեծ առավելություն կունենան:

Պատասխանելով այն հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած «Ժառանգությունը» պատրա՞ստ է մասնակցել այդ ընտրություններին, Արմեն Մարտիրոսյանն ասաց. - «Անպայման կմասնակցի: Մենք պատրաստ ենք ցանկացած քաղաքական պրոցեսի ցանկացած ժամանակահատվածում: «Ժառանգության» մատուցած ծառայությունը այս չորս տարիների ընթացքում մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ «Ժառանգությունը» իր արժանի ձայնը կունենա նոր խորհրդարանում: Որեւէ մտավախություն այդ առումով չկա»:

Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն շարունակվող երկխոսությանը` Մարտիրոսյանը ասաց, թե հայկական սերիալներ դիտել չի սիրում:

Հարցին, թե ինչու լուրջ վերաբերվում դրան, պատգամավորը արձագանքեց. - «Հայաստանում սերիալը դա լուրջ քաղաքականություն է, որպեսզի հասարակությունը շեղվի իրական խնդիրներից., իրական լուծումներից, հասարակությունը չունենա զարգացման հնարավորություն… Իհարկե, լուրջ խնդիր է: Ես չասացի անլուրջ է: Ուղղակի ես չեմ դիտում»:

Իսկ հարցին, թե հնարավոր համարում է «Ժառանգության» համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ առաջիկա ընտրություններում, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց, թե իրենք միշտ բաց են համագործակցության համար, բայց իրենց համար կարեւոր է, թե ինչի շուրջ են համագործակցում. «Ժառանգություն»-ը մշտապես համագործակցել է կոնկրետ խնդիրների շուրջ:

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նույնպես կարծում է, որ իշխանությունները արտահերթ ընտրությունների չեն գնա:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգայանը:

Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե արտահերթ ընտրություններ չեն լինի, պարզապես ՀԱԿ-ը եւ իշխանությունը փորձում են երկխոսությամբ «զբաղեցնել ժողովրդին», նաեւ` սեփականաշնորհել քաղաքական դաշտը եւ ժամանակ ձգել մինչեւ հերթական ընտրություններ:

Հարցին, թե ինչո՞ւ են փորձում ժամանակ ձգել, Մարգարյանը պատասխանեց. - «Որովհետեւ ուրիշ ելք չկա: Այն քաղաքականությունը, որ իրենք որդեգրել են անցած 3-4 տարվա ընթացքում, իրենց այլ ելք չի թողնում. պետք է մի բանով զբաղեցնեն, որ ալիքը բարձր մնա` հույս ունենալով, որ այդ ալիքի վրա իրենք ինչ-որ հաջողություն կունենան առաջիկա ընտրություններին»:

Իսկ հարցին` եթե արտահերթ ընտրություններ, այդուհանդերձ, լինեն, արդյո՞ք Դաշնակցությունը կմասնակցի դրանց, Մարգարյանը արձագանքեց, թե իրենք պատրաստ են ցանկացած ընտրության, այդ թվում` նաեւ արտահերթ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG