Մատչելիության հղումներ

Յուլիա Տիմոշենկո. «Ես ինձ վստահ եմ զգում»


Ուկրաինա - Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ժամանում է իր գործով դատավարությանը, Կիեւ, 5-ը օգոստոսի, 2011թ.

Ուկրաինա - Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ժամանում է իր գործով դատավարությանը, Կիեւ, 5-ը օգոստոսի, 2011թ.

Կիեւի դատարանը երկուշաբթի օրը հրաժարվել է ազատ արձակել Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր գործիչ Յուլիա Տիմոշենկոյին` մերժելով նրա փաստաբանի միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Ուկրաինայի նախկին վարչապետը կալանավորվել է ուրբաթ օրը` դատարանի նկատմամբ բազմիցս անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հիմնավորմամբ:

Խափանման միջոցը փոխելու դեմ հանդես է եկել դատախազությունը` հայտարարելով, որ դատարանը որոշումը փոխելու հիմքեր չունի:

Տիմոշենկոն մնացել է կալանքի տակ եւ դատական նիստի ավարտից հետո տարվել է մեկուսարան:

«Դատավորը հրաժարվեց փոխել Տիմոշենկոյին կալանքի տակ պահելու իր որոշումը: Ես մինչեւ այժմ թույլտվություն չեմ ստացել նրան այցելելու կալանավայրում, իսկ առանց հատուկ թույլտվության ես չեմ կարող այնտեղ մուտք գործել», - ասել է Տիմոշենկոյի պաշտպան Յուրի Սուխովը:

Դատական նիստին, սակայն, Տիմոշենկոն մասնակցել է առանց ձեռնաշղթաների, տեղադրված չի եղել նաեւ նման դեպքերում սովորական ճաղավանդակը: Նիստի մեկնարկին Տիմոշենկոն կրկին հրաժարվել է դատարանի առջեւ ոտքի կանգնել` հայտարարելով, թե դա հավասար է մաֆիայի առջեւ ծնկի իջնելուն:

«Ես ինձ վստահ եմ զգում, մնացած ամեն ինչը, կարծում եմ, հասարակության հետ մեր համախմբող աշխատանքի հարցն է, ռեժիմի դեմ մեր պայքարը: Կարծում եմ, մենք կհասնենք հաղթանակի», - դատարանի դահլիճում «Ազատություն» ռադիոկայանին ասել է Տիմոշենկոն:

Ուկրաինայի նախկին վարչապետին մեղադրում են բյուջետային միջոցները ոչ նպատակային ծախսելու, պետությանը վնաս հասցնելու մեջ: Մեղադրող կողմը Ուկրաինայի համար ոչ շահավետ է համարել գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանի հետ, որը 2009 թվականին ստորագրել է այդ ժամանակ դեռ վարչապետ Տիմոշենկոն: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում:

Սակայն Տիմոշենկոն եւ իր կողմնակիցները պնդում են, որ գործարքն օրինական է եղել, իսկ դատավարությունն ու կալանքը քաղաքական ենթատեքստ ունեն:

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը այն կարծիքին է, որ գործընթացը Տիմոշենկոյին վնասելու փոխարեն, հակառակը` կբարձրացնի նրա վարկանիշը:

«Ես կարծում եմ, որ իր խղճուկ հակաօրինական գործողություններով [Ուկրաինայի նախագահ Վիկտոր] Յանուկովիչը նրան դարձնում է Ուկրաինայի առաջնորդ, նույնիսկ նրանք, ովքեր Տիմոշենկոյին վատ են վերաբերվում, իսկ դա ժողովրդի կեսից ավելին է, սկսում են նրան կարեկցել», - ասել է Նեմցովը:

Յուլիա Տիմոշենկոյի դատավարությունն ու նրա կալանքը մեծ աղմուկ են բարձրացրել Ուկրաինայում եւ երկրից դուրս:

Թե' Միացյալ Նահանգները, թե' Եվրամիությունը դատապարտել են Տիմոշենկոյի ձերբակալությունը` հայտարարելով, որ դա կասկածի տակ է դնում օրենքի գերակայությանը երկրի հավատարմությունը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ընդդիմադիր գործչի կալանավորման վերաբերյալ: Ինչպես նշվում է ԵԱՀԿ-ի հաղորդագրության մեջ, այդ մասին Աժուբալիսը հայտնել է իր ուկրաինացի գործընկերոջ` Կոնստանտին Գրիշչենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցում: Աժուբալիսն ընդգծել է, որ միջազգային հանրությունն ուշադրությամբ հետեւում է այս դատական գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG