Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ–ը եւ իշխանությունը երկխոսության առաջիկա փուլին գնում են հակադիր դիրքորոշումներով


Հայաստան –– Իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը (աջից) եւ ՀԱԿ–ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը սկսում են երկխոսության առաջին փուլը, 18-ը հուլիսի, 2011թ.

Հայաստան –– Իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը (աջից) եւ ՀԱԿ–ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը սկսում են երկխոսության առաջին փուլը, 18-ը հուլիսի, 2011թ.

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ երեքշաբթի օրը կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվի արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։

ՀԱԿ – իշխանություն երկխոսության օրակարգում երկու հարց է ընդգրկված։ Ընդդիմադիրները լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների խնդիրն են բարձրացրել, իշխանությունը՝ ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցության կանոնների ձեւավորման հարցը։

Վաղը Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության անդամները կներկայացնեն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ իրենց առաջարկություններն ու հիմնավորումները։

Հիշեցնենք՝ ՀԱԿ–ի համակարգող Լեւոն Զուրաբյանը իշխանական պատվիրակության հետ հանդիպումներից մեկի ավարտին հայտարարել է. – «Եթե արտահերթ ընտրությունների համաձայնություն չլինի, կլինի առճակատում»։

ՀԱԿ–ի հետ բանակցելու նպատակով իշխանական կոալիցիայի ձեւավորած աշխատանքային խմբի անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց՝ իշխանական պատվիրակությունը ընդդիմության բարձրացած հարցի վերաբերյալ իր մոտեցումն ունի. –«Իշխանական պատվիրակության մոտեցումը հետեւյալն է։ Ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ սոցիալական որեւէ հիմք չկա արտահերթ ընտրությունների»։

Բոստանջյանին չի մտահոգում այն հանգամանքը, որ հակադիր տեսակետների առկայության պարագայում երկխոսությունը կարող է փակուղի մտնել։

«Թող մտնի փակուղի՝ որեւէ պրոբլեմ չկա, ինչի՞ մասին է խոսքը։ Այսինքն՝ հանուն նրա, որպեսզի երկխոսությունը չմտնի փակուղի շուտափույթորեն համաձայնե՞նք իշխանությունը թողնել եւ գնալ նոր ընտրությունների, երբ դրա համար չկան քաղաքական, սոցիալական եւ տնտեսական հիմքեր», – ասում է իշխանական պատվիրակության ներկայացուցիչը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ եթե արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ երկխոսության օրակարգում ընդգրկված իրենց առաջարկը համապատասխան արձագանք չստանա, Հայ ազգային կոնգրեսը կլքի՞ երկխոսության սեղանը, թե՞ կսպասի նաեւ իշխանության ներկայացրած հարցի քննարկմանը, ՀԱԿ պատվիրակության անդամ Վահագն Խաչատրյանը, մասնավորապես, ասաց. – «Որեւէ պարտավորվածություն չունենք միմյանց նկատմամբ։ Վաղվա հարցի ներկայացնելուց եւ դրա նկատմամբ դիմացինի վերաբերմունքից կզգանք, թե ինչքանով են իրենք պատրաստակամ մեր բարձրացրած հարցերը ընդունել կամ չընդունել։ Եթե մենք կտեսնենք, որ այդ ամեն ինչը պարզապես իրենց կողմից լինելու է իմիջիայլոց, որպես հերթական միջոցառում, եւ պատասխաններն էլ լինելու են ոչ հիմնավոր, մենք կօգտվենք այդ հնարավորությունից։ Ոչ ոք չի կարող մեզ ասել՝ պարտադիր պետք է նստեք, շարունակեք մինչեւ վերջ։ Բոլոր դեպքերում, մեր ներկայացրած հարցի շրջանակներից հետո, կուզենամ, որ նաեւ իրենք իրենց հարցը ներկայացնեն»։

Այդուհանդերձ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ հակադիր կարծիքներ ունենալով հանդերձ, ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին՝ ամեն ինչ կանեն, որ գործընթացը շարունակվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG