Մատչելիության հղումներ

Հնգօրյա պատերազմը «նվազեցրեց հայ-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»


Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց, թե «ռուս-վրացական պատերազմը նվազեցրեց հայ-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»:

Ուղիղ երեք տարի առաջ` 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված այդ կարճատեւ պատերազմում զոհվել է տարբեր հաշվարկներով 400-2000 մարդ:

Փորձագետի կարծիքով, Հարավային Օսիայում կատարվածը կարող է տեղի ունենալ նաեւ Լեռնային Ղարաբաղում, ուստի ղարաբաղյան հակամարտության այն կողմը, որը կփորձի սկսել ռազմական գործողություններ, պետք է հասկանա, որ եթե պատերազմ սկսի եւ չկարողանա շատ կարճ ժամկետում հաջողության հասնել, կկորցնի նաեւ այն, ինչ ուներ մինչեւ ռազմական գործողությունները:

Նա բերեց Վրաստանի օրինակը` նշելով, որ բոլորի` նաեւ Վրաստանում շատերի համար հասկանալի է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերադարձը Վրաստանի կազմ այսօր արդեն ավելի քան անհավանական է դարձել: Ուստի, ըստ նրա, որքան էլ վերջին շրջանում խոսվում է հայ-ադրբեջանական շփման գծում ռազմական սպառնալիքի մասին, պետք է հասկանալ, որ այդ սպառնալիքը մի միջոց է, որն Ադրբեջանը օգտագործում է բանակցային գործընթացում:

«Բոլորը հասկանում են, որ պատերազմի գինը չափազանց թանկ է: Եվ եթե հնգօրյա պատերազմում մի քանի հարյուր մարդիկ էին զոհվել, ապա հասկանալի է, որ եթե վերսկսվեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ, ապա կորուստները բոլոր կողմերի համար կլինեն ոչ թե հազարավոր, այլ տասնյակ հազարավոր առաջին մի քանի օրվա ընթացքում: Ես կարծում եմ, որ դա հասկանալի է ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական կողմին: Դա նաեւ հասկանալի է միջազգային հանրությանը: Չմոռանանք նաեւ այն փաստը, որ պատերազմը սկսելու համար միայն ցանկությունը բավարար չէ. նաեւ կողմերից մեկը պիտի համոզված լինի, որ ունի նաեւ քաղաքական աջակցություն, որը չունի Ադրբեջանը», - ասաց Մինասյանը:

Թեեւ, ըստ նրա, ռուս-վրացական պատերազմը նվազեցրեց հայ-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը, բայց տարածաշրջանը, իհարկե, ավելի անվտանգ չդարձավ, քանի որ այսօր էլ սպառազինությունների մրցավազքը շարունակվում է, եւ կոնֆլիկները խորանում են:

Սերգեյ Մինասյանի համոզմամբ, 2008 թվականի հնգօրյա պատերազմը փոխեց տարածաշրջանում Ռուսաստանի դերը. - «Մի կողմից, ավելացավ ռազմական ազդեցությունը, բայց մյուս կողմից` հասկանալի է, որ Ռուսաստանը, ձեռք բերելով Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, ներկայումս կարելի է ասել` լիովին, ու երկարաժամկետ ինչ-որ ապագայում կորցրել է ամբողջ Վրաստանը: Հասկանալի է, որ Ռուսաստանը, եթե փորձի ինչ-որ մի ձեւով իր ազդեցությունը վերականգնի Վրաստանում, դա պիտի լինի կա'մ Սահակաշվիլուց հետո, կա'մ որեւէ լուրջ ներքաղաքական զարգացումներ պիտի տեղի ունենան ե'ւ Ռուսաստանում, ե'ւ Վրաստանում»:

Հարցին, թե նկատի ունի, որ իշխանությունները պիտի փոխվեն, փորձագետը արձագանքեց. - «Կամ առնվազն առաջին դեմքերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG