Մատչելիության հղումներ

Gallup. Հայաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենառուսամետ պետությունների շարքում


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Կազանում, 24-ը հունիսի, 2011թ.

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Կազանում, 24-ը հունիսի, 2011թ.

Հայաստանցիների 75 տոկոսը աջակցում է Ռուսաստանի ղեկավարների որդեգրած քաղաքականությանը: Սա են վկայում ամերիկյան Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հերթական ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են անցած շաբաթավերջին:

2010 թվականին աշխարհի 104 պետություններում անցկացված հետազոտության համաձայն, Հայաստանը աշխարհի ռուսամետ պետությունների թվում հինգերորդն է, զիջելով միայն միջինասիական մի շարք պետությունների` ինչպես, օրինակ, Ղրղըզստանն ու Տաջիկստանը, ինչպես նաեւ աֆրիկյան Մալիին:

Ռուսաստանի ղեկավարության քաղաքականությանը բացասաբար է վերաբերվում Հայաստանի բնակիչների ընդամենը 7 տոկոսը, եւս 17 տոկոսը դժվարացել կամ էլ խուսափել է պատասխանել այս հարցին:

Հարեւան Ադրբեջանում ռուսամետ տրամադրվածություն ունի բնակիչների 54 տոկոսը, 19 տոկոսն էլ բացասաբար է տրամադրված Կրեմլի քաղաքականության նկատմամբ:

Վրաստանում պաշտոնական Մոսկվայի քաղաքականությունն արժանացել է բնակչության միայն 6 տոկոսի աջակցությանը, մոտ 80 տոկոսը խիստ բացասաբար է տրամադրված Ռուսաստանի ղեկավարների հանդեպ:

«Վրաստանն այս առումով, սակայն, հետխորհրդային տարածքում բացառություն է», - արձանագրում են ամերիկացի սոցիոլոգները:

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ ամենաբարձր վստահության ցուցանիշը աշխարհում արձանագրվել է երկու տարածաշրջաններում` ԱՊՀ-ի պետություններում եւ Աֆրիկայի` Սահարայից հարավ գտնվող երկրներում», - Gallup-ի պաշտոնական կայքում զետեղված հոդվածում նշում են հետազոտության հեղինակները:

Վերջին տարիներին Gallup-ի անցկացրած հարցումները վկայում են, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համար Ռուսաստանի հետ սերտ կապերի առկայությունը միանշանակորեն պատկանում է արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվին:

Այսպես, 2010-ին Gallup-ի կողմից անցկացված մեկ այլ հետազոտության ընթացքում հայաստանցիների 80 տոկոսը նշել էր, թե հարկավոր է սերտ կապեր ունենալ Ռուսաստանի հետ, անգամ եթե դա վնասի հայ - ամերիկյան հարաբերություններին:

Հարեւան Ադրբեջանում, օրինակ, Ռուսաստանի հետ հարաբերությունները միանշանակ առաջնահերթություն համարող քաղաքացիների թիվը Հայաստանից քառապատիկ պակաս է` կազմելով մոտ 21 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG