Մատչելիության հղումներ

Փաստաբանները պահանջում են ապահովել իրենց անվտանգությունը Ստեփանակերտում


Փաստաբաններ Էդմոն Մարուքյանը եւ Կարեն Թումասյանը հայտարարությամբ են հանդես եկել` պահանջելով ապահովել իրենց անվտանգությունը զինծառայող Գեւորգ Կոծինյանի սպանության գործով Ստեփանակերտում նախատեսված դատավարության ժամանակ:

«2011 թվականի օգոստոսի 8-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Աթանյանի կողմից Ստեփանակերտ քաղաքում նշանակված Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում սպանված Գեւորգ Կոծինյանի թիվ 91250515 քրեական գործով դատաքննությանը որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ չենք կարող մասնակցել, քանի որ Ստեփանակերտ քաղաքում անցկացվող դատական նիստերին դատավարության կողմերի, մասնավորապես Հայաստանից ժամանած փաստաբանների անվտանգությունն ապահովված չէ», - հայտարարում են փաստաբանները` հավելելով, որ Ստեփանակերտում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերին կմասնակցեն այն ժամանակ, երբ Հայաստանի դատական իշխանության ղեկավար պաշտոնատար անձինք կերաշխավորեն Ղարաբաղում գտնվելու ժամանակ իրենց անվտանգությունը:

Մարությանը եւ Թումասյանը հիշեցնում են օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ Ստեփանակերտում Մանվել Հազրոյանի նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճռի հրապարակմանը հաջորդած միջադեպը, որի առնչությամբ իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին` պահանջելով Հազրոյանին անհապաղ ներկայացնել դատաբժշկական փորձագետներին եւ հարուցել քրեական գործ:

«Չնայած նրան, որ նշված դեպքը լուսաբանվել է նաեւ լրատվամիջոցներով, նշված պահանջները մնացել են թղթի վրա», - ընդգծում են փաստաբանները:

Օգոստոսի 3-ին իր գործով դատավճռի հրապարակման պահին չորս ծառայակիցների սպանության եւ երեքին վիրավորելու մեջ մեղադրվող զինծառայող Մանվել Հազրոյանը ափերից դուրս էր եկել եւ դատավորի հասցեին հայհոյանքներ հնչեցնելով` ձեռքի տակ գտնվող շիշը շպրտել դատավորի ուղղությամբ: Շուշիի քրեակատարողական հիմնարկի ծառայողները հարձակվել էին Հազրոյանի վրա եւ սկսել խփել նրան, իսկ երբ ամբաստանյալի փաստաբան Էդմոն Մարուքյանը փորձել էր միջամտել, Շուշիի քննչական մեկուսարանի անվտանգության բաժնի պետը հարձակվել էր փաստաբանի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG