Մատչելիության հղումներ

«1915-ի դեպքերը ողբերգական են, բայց պետք է քննարկվեն պատմաբանների կողմից»


Չեխիայում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Պրահա, 4-ը օգոստոսի, 2011թ.

Չեխիայում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Պրահա, 4-ը օգոստոսի, 2011թ.

Չեխիայում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայը այցելել էր «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայան: Ռադիոկայանի թղթակից Ռոբերտ Թեյթին տված հարցազրույցում նա անդրադարձել է Թուրքիայի ներքին խնդիրներին, Սիրիայի իրավիճակին, տարածաշրջանային հարցերին, Թուրքիա - Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Հարցին, թե «արդյո՞ք պաշտոնական Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների վերականգնման հիմնական խոչընդոտը անհամաձայնությունն է 1915 թվականի դեպքերի շուրջ, որոնք հայերը որակում են որպես ցեղասպանություն», դեսպանը պատասխանել է. - «Երկու երկրները` Թուրքիան եւ Հայաստանը, տարբեր հիշողություններ ունեն 1915-ին տեղի ունեցածի մասին: Հայերը պնդում են, որ դա գենոցիդ է, մենք ասում ենք, որ դա դժբախտ իրադարձություններ են, որ տեղի են ունեցել Առաջին համաշխարհայինի ընթացքում»:

«Աղետալի իրադարձություններ են տեղի ունեցել, բայց երկու կողմերը պետք է պատշաճ կերպով քննարկեն դրանք, եւ մենք դա պետք է թողնենք պատմաբաններին` տեսնելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել այն ժամանակ, ինչ հետեւանքներ է ունեցել», - ասել է թուրք դիվանագետը` հավելելով. - «Չնայած այդպիսի մեղադրանքներ են ներկայացվում Թուրքիայի դեմ, մարդիկ միշտ մոռանում են, որ նույն տարվա ընթացքում` 1915-ին, Թուրքիայի մյուս կողմում տեղի ունեցան Գալիպոլիի իրադարձությունները: Այսինքն, այդ ժամանակ Օսմանյան կայսրությունը պայքարում էր շատ ճակատներում»:

«Այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, իհարկե, ողբերգական են, բայց պետք է հրապարակայնորեն քննարկվեն երկու երկրների պատմաբանների կողմից` հանձնաժողով կազմելու միջոցով, ինչը տարիներ առաջ առաջարկել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը, բայց, դժբախտաբար, դա չի կատարվել: Սակայն մենք հույս ունենք, որ մի օր հայկական կողմը կընդունի այդ առաջարկը, որպեսզի մենք բացենք երկու երկրների միջեւ հարաբերությունները բարելավելու դարպասները, ինչը մենք ցանկանում ենք», - հայտարարել է Չեխիայում Թուրքիայի դեսպանը:

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաեւ Կիպրոսի խնդրին, չկարգավորված այդ վեճի կապակցությամբ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարին` հատկապես որ Թուրքիայի վարչապետը սպառնացել էր խզել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե 2012 թվականին Կիպրոսը նախագահի Եվրամիությունը, ինչպես պլանավորված է:

Դեսպանը նշել է, որ Թուրքիան բանակցում է Եվրամիության հետ լիարժեք անդամակցության համար, եւ հույս ունի, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա:

Էրգինայի խոսքերով` դրա համար Թուրքիան բարեփոխվում է, վերջին 10 տարիների ընթացքում նոր երկիր է դարձել, աշխարհի տնտեսապես զարգացած 16-րդ, իսկ Եվրոպայում` 6-րդ երկիրն է, մեծ մասնակցություն ունի ՆԱՏՕ-ի գործողություններին: Եվ իրենց թիրախը Եվրամիության անդամ դառնալն է, ու ձգտում են որքան հնարավոր է շուտ հասնել դրան:

Կիպրոսի խնդրի մասին դեսպանը նշել է, որ շատ ակտիվորեն փորձում են որքան հնարավոր է շուտ հասնել լուծմանը: Նա հույս է հայտնել, որ կղզու առաջնորդները, որոնք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հովանու ներքո հանդիպումներ են անցկացնում, ի վերջո կգան համաձայնության: Էրգինայը լիահույս է, որ դա կլինի այս տարվա վերջին, որովհետեւ, նրա համոզմամբ, անժամկետ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում:

Սիրիայի իրադարձությունների հետ կապված` Չեխիայում Թուրքիայի դեսպանը ասել է, թե կարծում են, որ տարածաշրջանի բոլոր խնդիրները, ներառյալ` Սիրիայում, պետք է լուծվեն երկխոսության, համագործակցության, ժողովրդավարական գործընթացների միջոցով:

«Մեզ մտահոգում է այն, ինչ կատարվում է Սիրիայում, եւ հույս ունենք, որ վարչակազմի կողմից խոստացված բոլոր բարեփոխումները կկատարվեն», - ասել է Թուրքիայի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG