Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, վերջին օրերին աշխարհի առաջատար ֆոնդային բորսաներում տեղի ունեցածը մտահոգիչ է եւ կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ Հայաստանի վրա:

Մոլորակի առաջատար ֆոնդային բորսաներում օգոստոսի 4-ին գրանցված կտրուկ անկումը արդեն իսկ «սեւ հինգշաբթի» բնորոշմանն է արժանացել միջազգային լրատվամիջոցների կողմից: Մեկ օրվա ընթացքում Միացյալ Նահանգների, Եվրոպայի ու Հարավ-Արեւելյան Ասիայի առաջատար ֆոնդային բորսաներում ինդեքսները 4-5 տոկոս անկում ապրեցին: Որոշ գնահատականների համաձայն, այս շաբաթվա ընթացքում աշխարհի բորսաները ընդհանուր առմամբ կորցրել են մոտ 2,5 տրիլիոն դոլար, գումար` որն իր մեծությամբ հավասար է Ֆրանսիայի ողջ տնտեսության համախառն ներքին արդյունքին:

Ներդրողներին հատկապես մտահոգում է մոլորակի զարգացած երկրների պետական պարտքերի խնդիրը, որը հարկադրում է պետություններին ավելի շատ գումար ծախսել սեփական պարտքի մարման եւ տոկոսադրույքների վճարման համար: Մյուս կողմից էլ` միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամից հետո մոլորակի տնտեսության վերականգնումը դանդաղել է:

«Եթե 2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ իջավ հումքի գները եւ պակասեցին տրանսֆերտները, ապա այս անգամ նորից կպակասեն տրանսֆերտները, բայց հնարավոր է, որ հումքի գները չիջնեն, որովհետեւ այս անգամ առայժմ ճգնաժամը այդպես խորը չի դրսեւորվել` փող շատ կա», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հրանտ Բագրատյանը` պարզաբանելով. - «Ընդհակառակը` փողը կուզենա ապրանքավորվել. մոլիբդեն, ոսկի, պղինձ: Այս տեսակետից ես կարծում եմ, որ հումքի գները կէժանանան, բայց ոչ այնքան, որ հասցնեն նոր ճգնաժամի այն երկրներում, որոնք հումք են արտադրում: Իհարկե, սա ենթադրություն է: Եթե ճգնաժամը ավելի խորանա` արդեն ամեն ինչ ներքեւ կգնա»:

Ինչ վերաբերում է տրանսֆերտների կրճատմանը, ապա ըստ Հրանտ Բագրատյանի, դա տեղի կունենա, եթե Ռուսաստանում վիճակը վատանա` ինչը արդեն սկսել է տեղի ունենալ, քանի որ նավթը էժանանում է:

«Տրանսֆերտների կրճատումը կբերի շահույթների կրճատմանը եւ գների բարձրացմանը, ինչը կհանգեցնի կենսամակարդակի անկմանը», - նշեց նախկին վարչապետը:

էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ավելի լավատեսականորեն էր տրամադրված ֆոնդային բորսաներում տեղի ունեցած վերջին զարգացումների առնչությամբ:

«Մենք խնդիրներ չունենք այս պահի դրությամբ: Տեսնենք` թե ինչպես կզարգանա», - նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG