Մատչելիության հղումներ

Դավիթ Շահնազարյան. «ՀԱԿ-ը կշնորհավորի օրինական ընտրություններում հաղթողին»


Ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը այցելեց Գյումրի, որտեղ ՀԱԿ-ի ակտիվի հետ հանդիպմանը կոչ արեց արդեն իսկ պատրաստվել արտահերթ ընտրությունների, խոսեց նաեւ ՀԱԿ – իշխանություն երկխոսության մասին:

Շահնազարյանը նշեց, թե կասկածներ դեռ ունեն, որ երկխոսությունը իշխանությանը անհրաժեշտ է ընդամենը ժամանակ ձգելու համար, սակայն ամեն դեպքում երկխոսում են` չբացառելով, որ կարող է գա մի պահ երբ այն կդադարեցվի:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ իշխանությունը մինչեւ սեպտեմբեր ժամանակ ունի կողմնորոշվելու արտահերթ ընտրությունների հարցում եւ սկզբունքային որոշում ընդունելու: Եթե սեպտեմբերին իշխանությունները այդ որոշումը չկայացրին եւ չկողմնորոշվեցին, մենք համարելու ենք երկխոսությանն ռեսուրսի ամբողջ պոտենցիալը սպառված», - նշեց ՀԱԿ ներկայացուցիչը: - «Իհարկե, շատ հավանական է, որ երկխոսությունը կարող է նաեւ ընդհատվել»:

Իշխանության հետ երկխոսության նպատակով ՀԱԿ կազմավորած պատվիրակության անդամ Դավիթ Շահնազարյանը առայժմ գոհ է բանակցությունների ընթացքից:

«Երկխոսության ողջ գործընթացը, առանց ավելորդ համեստության ասեմ, ամբողջովին գնում է մեր նախանշած սցենարով: Առայժմ մենք որեւէ դժգոհություն չունենք, մթնոլորտը աշխատանքային է: Կարծում եմ, արդեն երեքշաբթի օրվանից, երբ կսկսվեն բուն քննարկումները, շատ բան շատ ավելի պարզ կդառնա», - նշեց նա:

Դավիթ Շահնազարյանը հավելեց, որ երկխոսությամբ ՀԱԿ-ին հաջողվեց իշխանություններին բերել քաղաքական դաշտ. - «Հաջորդ քայլը, որ մենք պիտի անենք` իշխանությանը պիտի բերենք օրինական դաշտ: Այդ դեպքում իսկապես հնարավորություններ կառաջանան երկխոսությամբ հասնելու մեր դրած նպատակին` Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորմանը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով, կամ նորից էլի պիտի իշխանությունը հետ գնա իր բույնը` անօրինական դաշտում փորձելով գործել: Այդ դեպքում իշխանափոխությունը, այսինքն` արտահերթ ընտրությունները, տեղի կունենան հասարակության եւ ժողովրդի ճնշման տակ»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի` նույն օրը արած հայտարարությունը, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, նույնիսկ այդ դեպքում Հանրապետականը կարող է հաղթել, Շահնազարյանը հայտարարեց. - «Եթե օրինական ընտրությունների, ազատ, արդար ընտրությունների արդյունքում Հայ ազգային կոնգրեսը չի շահում, ապա Հայ ազգային կոնգրեսը պատրաստ կլինի շնորհավորել եւ կշնորհավորի այդ իշխանությանը, որովհետեւ հիմնական խնդիրը, որ մենք դնում ենք, կարեւորագույն խնդիրը, այսօր Հայաստանում օրինակարգ, այսինքն` լեգիտիմ իշխանության հաստատումն է»:

Որ լինելու են արտահերթ ընտրություններ` դրանում ընդդիմադիր գործիչը կասկած չունի:

«Դուք արդեն այդ գործընթացը սկսել եք: Ակտիվորեն սկսեք պատրաստվել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների», - իր հետ հանդիպմանը ներկա կոնգրեսականներին կոչ արեց Դավիթ Շահնազարյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG