Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի օդանավակայանում աշխատանքները մոտենում են ավարտին


Ստեփանակերտի օդանավակայանի նոր շենքը:

Ստեփանակերտի օդանավակայանի նոր շենքը:

Ստեփանակերտի օդանավակայանում արդեն ավարտին է հասնում վազքուղու շինարարությունը, ընթացքի մեջ է ռադիոնավիգացիոն եւ կապի սարքավորումների տեղադրումը:

Լեռնային Ղարաբաղի Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ սրանք այն վերջին աշխատանքներն էին, որոնց պատճառով հետաձգվում է օդանավակայանի շահագործումը:

«Մնում է մետեոսարքավորումները: Դրանք արդեն մեզ մոտ են, տեղադրվում են, մեծամասնությամբ արդեն տեղադրված են: Եվ հիմա կարելի է ասել, որ օդանավակայանը այդ տեսակետից արդեն պատրաստ է ընդունել եւ ուղարկել օդանավեր: Աշխատանքները գնում են շատ լավ տեմպով, մեծ որակով: Ես գոհ եմ ամեն ինչից: Սեպտեմբերի մեջ պիտի վերջացնենք», - հավելեց Ադբաշյանը:

Հարցին, թե արդյոք կան պայմանավորվածություններ միջազգային ավիացիոն կազմակերպությունների հետ, նա արձագանքեց, թե այդպիսի պայմանավորվածությունների անհրաժեշտություն չկա:

Որպես օրինակ նա հիշատակեց Երչան թուրքական օդանավակայանը. - «Այդ օդանավակայանը միջազգային օդանավակայանի ստատուս չունի: Բայց դա չի խանգարում թուրքական եւ ադրբեջանական օդանավերին այդ օդանավակայանից կատարել չվերթներ ամբողջ Եվրոպայով, կարելի է ասել` ամբողջ աշխարհով: Հիմա մենք ոչ մի պայմանագիր ոչ մեկի հետ օդային կապերի մասին չունենք, եւ պարտադիր էլ չէ, որովհետեւ դա վերաբերում է կանոնավոր թռիչքներին, իսկ այսպես կոչված չարտերների հետ կապ չունի»:

Ստեփանակերտի օդանավակայանից չվերթները սպասարկելու են SRJ - 200 մակնիշի երեք օդանավեր: Սկզբնական շրջանում թռիչքները նախատեսվում են Երեւան - Ստեփանակերտ եւ հակառակ ուղղությամբ:

Այս տարվա գարնանը Ստեփանակերտի օդանավակայանի բացման լուրը բուռն արձագանք էր գտել Ադրբեջանում: Ադրբեջանի քաղացիական ավիացիայի պետական վարչության ղեկավարը հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն իրավասու է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Դրան ի պատասխան` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե պատրաստ է լինել Երեւան - Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղեւորը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG