Մատչելիության հղումներ

Փորձագետ. «Ձեւավորվեց Էրդողանին հնազանդ զինվորական վերնախավ»


Թուրքիայի վարչապետը վարում է Գերագույն ռազմական խորհրդի նիստը: Անկարա, 1-ը օգոստոսի, 2011թ.

Թուրքիայի վարչապետը վարում է Գերագույն ռազմական խորհրդի նիստը: Անկարա, 1-ը օգոստոսի, 2011թ.

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը, անդրադառնալով Թուրքիայում բարձրագույն զինվորական պաշտոններում նոր նշանակումներին, ասաց, թե Թուրքիայում ձեւավորվել է վարչապետ էրդողանին հնազանդ նոր զինվորական վերնախավ:

Փորձագետի համոզմամբ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության «այս ձեռքբերումը թույլ կտա թուլացնել թուրքական բանակի ազդեցությունը երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական կյանքում»:

«Տասնամյակներ շարունակ բանակը Թուրքիայում վճռորոշ դերակատարություն է ունեցել եւ իր գործողություններով մշտապես միջամտել է քաղաքական հարցերին: Հիմա Էրդողանի եւ նրա կուսակցության վարած քաղաքականության արդյունքում խնդիր է դրված չեզոքացնել թուրքական բանակի ներգրավումը քաղաքական խնդիրներում: Վերջին փոփոխությունները ենթադրելի է, որ ամենավերջին ակորդն են, որի արդյունքում արդեն վերջնականապես կձեւավորվի քաղաքական իշխանությունից կախյալ, բայց մարտունակ բանակի ղեկավարություն: Քաղաքական առումով բանակը դերակատություն չի ունենա եւ ենթակա կլինի քաղաքական իշխանության որոշումներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց Սարոյանը:

Նրա կարծիքով, Թուրքիայի բանակում տեղի ունեցած այս փոփոխությունները որոշակի կապ ունեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ. եթե Սիրիայում տեղի ունենան ռազմական գործողություններ, ապա դրանցում միանշանակ իր մասնակցությունը կունենա Թուրքիան: Եվ քաղաքականապես հնազանդ բանակ ունենալով` Էրդողանը այս հարցում ավելի ազատ որոշումներ կայացնելու հնարավորություն կստանա:

Սարո Սարոյանի համոզմամբ նաեւ` Սիրիայում նոր վարչախումբը իշխանության կարող է գալ միայն թուրքական բանակի գործուն միջամտությամբ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG