Մատչելիության հղումներ

Դավիթ Շահնազարյան. «ՀԱԿ-ը կշնորհավորի օրինական ընտրություններում հաղթողին»


Դավիթ Շահնազարյան, արխիվային լուսանկար

Դավիթ Շահնազարյան, արխիվային լուսանկար

Ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը այցելեց Գյումրի, որտեղ ՀԱԿ-ի ակտիվի հետ հանդիպմանը կոչ արեց արդեն իսկ պատրաստվել արտահերթ ընտրությունների, խոսեց նաեւ երկխոսության մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի` նույն օրը արած հայտարարությունը, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, նույնիսկ այդ դեպքում Հանրապետականը կարող է հաղթել, Շահնազարյանը հայտարարեց. - «Եթե օրինական ընտրությունների, ազատ, արդար ընտրությունների արդյունքում Հայ ազգային կոնգրեսը չի շահում, ապա Հայ ազգային կոնգրեսը պատրաստ կլինի շնորհավորել եւ կշնորհավորի այդ իշխանությանը, որովհետեւ հիմնական խնդիրը, որ մենք դնում ենք, կարեւորագույն խնդիրը, այսօր Հայաստանում օրինակարգ, այսինքն` լեգիտիմ իշխանության հաստատումն է»:

«Բայց շատ լավ է, որ իշխանությունը արդեն ներսում, ինչպես դուք ասացիք` ես այդ հրապարակմանը ծանոթ չեմ, քննարկում է արտահերթ նախագահական ընտրությունների հարցը: Շատ դրական եմ համարում այդ պահը», - հավելեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Շահնազարյանը, ով իշխանության հետ երկխոսության նպատակով ՀԱԿ-ի ձեւավորած պատվիրակության անդամ է, դրական գնահատեց նախօրեին կայացած իրենց հանդիպումը իշխող կոալիցիայի ձեւավորած աշխատանքային խմբի հետ. - «Իշխանության պատվիրակության հետ այս բանակցությունները մենք դրական ենք գնահատում, կարծում ենք` արդյունավետ: Բավականին արագ` իմ գնահատականով, մենք հաղթահարեցինք այնպիսի հարցեր, ինչպես` իշխանության պատվիրակության մանդատի, այսինքն` լիազորությունների ճշտումն էր, մենք ձեւակերպեցինք օրակարգի հարցը, երեկ մենք արդեն պայմանավորվեցինք աշխատակարգի վերաբերյալ, եւ երեքշաբթի օրվանից արդեն մենք կքննարկենք օրակարգային առաջին հարցը, այն է` Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության հաստատումը եւ այդ ընտրությունների օրինական անցկացման հետ կապված միջոցառումները. արդեն բուն հարցն ենք քննարկելու: Առայժմ դրական եմ գնահատում»:

Երկխոսության փաստի, վերջին հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի կապակցությամբ հնչող քննադատությունների մասին հարցին ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Ընդհանուր առմամբ, սա լրիվ նոր երեւույթ է` թե' իշխանության մեջ մեծ քանակությամբ մարդիկ կան, թե' քաղաքագետ ու վերլուծաբաններ կան, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ ինչպես դասականներն էին ասում` մարդիկ ամենաշատ վախենում են անհասկանալի բաներից: Ոչինչ, կամաց-կամաց կսովորեն: Բայց մի բան ակնհայտ է, եւ այդ մասին հանրահավաքում էլ Տեր-Պետրոսյանը ասաց, որ այս երկխոսության փաստը, որը աննախադեպ է նախկին Խորհրդային Միության տարածքների համար, էապես բարձրացրել է Հայաստանի հեղինակությունը»:

Իսկ դիտարկմանը, որ նման քննադատություններ հնչում են ոչ միայն քաղաքական դաշտի այն հատվածից, որը սովորաբար քննադատաբար է հանդես գալիս ՀԱԿ-ի հասցեին, այլեւ իրենց նախկին զինակիցներից, Շահնազարյանը արձագանքեց. - «Գիտեք, Սերժ Սարգսյանն էլ է մեր նախկին զինակիցը, հետո՞ ինչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG