Մատչելիության հղումներ

logo-print

Մայրը պնդում է, որ որդու սպանությունը կատարել է գումարտակի հրամանատարը


2001 թվականին զորամասում սպանված Արայիկ Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը Վերաքննիչ դատարանի շենքի մոտ: 5-ը օգոստոսի, 2011թ.

2001 թվականին զորամասում սպանված Արայիկ Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը Վերաքննիչ դատարանի շենքի մոտ: 5-ը օգոստոսի, 2011թ.

Վերաքննիչ դատարանում ուրբաթ օրը սկսվեց 10 տարի առաջ Վայքի զորամասերից մեկում սպանված սպա Արայիկ Ավետիսյանի գործի կասեցման դեմ նրա իրավահաջորդի բողոքի քննությունը:

Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը դատարանում հայտարարեց, որ իր պահանջը 10 տարի շարունակ անփոփոխ է` պատժել որդուն սպանողին:

«Տղայիս սպանել են չորս անձի ներկայությամբ: 10 տարիների ընթացքում հենց առաջին օրվանից ես ասել եմ, որ իմ տղային սպանել է գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը: Հիմա էլ այդ հրամանատարը պայմանագրային զինծառայող է: Իմ պահանջը ե'ւ դատարանից, ե'ւ պաշտպանության նախարարից, ե'ւ մեր նախագահից` բռնեն հանցագործի ձեռքը»», - հայտարարեց Անահիտ Մկրտչյանը` հավելելով, որ մինչեւ օրս չեն հերքվել իր ներկայացրած 20 էջանոց ապացույցները, որոնց շարքում եղել են նաեւ վկայություններ. - «Ես համոզված եմ, որ եթե նախաքննական մարմինը կարողանար անել դա, վաղուց արած կլիներ ու բերանս փակած կլիներ»:

2001 թվականին Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցված քրեական գործը տարիներ շարունակ փոխանցվել է դատարանից նախաքննական մարմնին` նոր քննության, բայց իրական մեղավորն անպատիժ է մնացել: Բայց 2003 թվականին վեց տարվա ազատազրկման է դատապարտվել շարքային զինծառայող Կարեն Սարգսյանը, որին վերագրված մեղադրանքը, ըստ Անահիտ Մկրտչյանի, չի հիմնավորվել փաստերով:

Ավելի ուշ գործն ուղարկվել է դատախազություն` լրացուցիչ քննության: Տուժող կողմը պնդում է, որ դատախազությունն անհրաժեշտ գործողությունները չի կատարել` ճշմարտությունը պարզելու նպատակով: Երկու տարի առաջ կասեցվել է գործի քննությունը, եւ հիմա տուժողի իրավահաջորդը խնդրում է վերացնել կասեցման մասին քննիչի որոշումը ու հասնել գործի բացահայտմանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ հիմքով է պնդում, որ որդուն սպանել է հրամանատարը, Մկրտչյանը պատասխանեց. - «Գումարտակի հրամանատարը տղայիս անընդհատ հալածել է, կոնֆլիկտի մեջ է եղել... Միշտ ուզել է ուղարկել տուն, որ մենք փող տանենք, բայց տղաս գիտեր, որ մենք չունենք հնարավորություն, ու չէր գալիս: Այդ ժամանակ ինչու եկավ` ես էլ չգիտեմ: Հետո ինձ ասաց` պետք է տանեմ երկու լիտր օղի եւ հարյուր դոլար»:

Արայիկ Ավետիսյանը սպանվել է արձակուրդից վերադառնալու հաջորդ օրը:

Քրեական գործի նյութերում բազմաթիվ հակասությունների կապակցությամբ այսօր դատարանում իր դիրքորոշումը ներկայացրեց Պաշտպանության նախարարության հատուկ կարեւորության գործերով քննիչ Արման Թամրազյանը: Նա, ի դեպ, այս գործով 19-րդ քննիչն է: Ասաց, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողություններն արվել են. - «Այդ բոլոր գործողությունների արդյունքում չեն շտկվել, չեն պարզվել նշված հակասությունները»:

Նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 12-ը:

Նիստի ավարտին իրենց զայրույթը չկարողացան զսպել նախորդ տարիներին սպանված զինվորներ Տիգրան Օհանջանյանի, Արտակ Նազարյանի եւ եւս մի քանիսի ծնողները` պնդելով, որ դատաիրավական համակարգը հետեւողականորեն խուսափում է բացահայտել մի շարք աղմկահարույց գործեր:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG