Մատչելիության հղումներ

Հայկական զինված ուժերը «ամբողջովին տիրապետում են իրավիճակին»


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվային լուսանկար

Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվային լուսանկար

Հայկական կողմը պատասխա'ն կրակ է բացում, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով հրադադարի խախտումները շփման գծում:

«Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Լինում են դեպքեր, երբ ուղղակի անհրաժեշտ է միջամտել ու պատասխան գործողությունների դիմել, այլապես հակառակորդի միակողմանի ակտիվությունը կարող է ունենալ անցանկալի հետեւանքներ», - ընդգծեց Կարապետյանը:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի խոսքերով` ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտված են, քանի որ հայկական զինված ուժերը ամբողջովին տիրապետում են իրավիճակին` անհրաժեշտության դեպքում համարժեք գործողություններով չեզոքացնելով վտանգը:

«Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը ամենօրյա խախտելով փորձում է հայկական կողմին սադրանքների մեջ ներքաշել, ինչպես նաեւ, ամենայն հավանականությամբ, իր զինվորների մոտ բարձրացնել բարոյահոգեբանական մթնոլորտը», - ասաց Կարապետյանը:

Հայկական կողմը շարունակում է հայտարարել, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ակտիվանում են գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ:

«Հայկական որոշ բնակավայրեր գտնվում են հակառակորդի զինված ուժերից որոշակի հեռավորության վրա, որը նրանց հնարավորություն է տալիս կրակ բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ, հատկապես` գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների նկատմամբ: Սակայն հակառակորդի որոշակի բնակավայրեր եւս հայկական զինված ուժերի դիրքերի նկատմամբ ունեն այնպիսի դասավորվածություն, որը մեզ հնարավորություն է տալիս պարտադրողի դիրքերում լինել: Հետեւապես` մենք փորձում ենք ուժերի որոշակի հավասարակշռությամբ զսպել հակառակորդին», - նշեց Հայաստանի ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարը:

Դավիթ Կարապետյանի խոսքերով` այս տարվա հուլիսին ադրբեջանական կողմը 370 անգամ օգտագործել է դիպուկահար զինատեսակ, ինչի կիրառումը 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30 տոկոսով:

Որպեսզի առավել պարզ լինի, թե որ կողմն է առաջինը խախտում հրադադարի ռեժիմը, հայկական կողմը հայ - ադրբեջանական սահմանագծում պարբերաբար դիտարկում անցկացնող ԵԱՀԿ-ի առաքելությանը այս տարեսկզբին առաջարկել էր երկկողմանի դիտարկման փոխարեն, որը տեւում է շուրջ 10 րոպե, անցկացնել միակողմանի երկարատեւ դիտարկումներ:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը, անցած տարեվերջին հայ - ադրբեջանական շփման գծի Բերդավան - Քյամարլի հատվածում անցկացված դիտարկումից հետո լրագրողներին եւս ներկայացնելով միակողմանի դիտարկումների անհրաժեշտությունը, ասել էր, թե երկկողմանի` մի քանի րոպե տեւող դիտարկումների պարագայում իրականությունը չի արտացոլվում:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը այն ժամանակ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե իրենք կարեւորում են հայկական կողմի առաջարկը, այն առայժմ ԵԱՀԿ-ի քննարկման փուլում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG