Մատչելիության հղումներ

logo-print

Օգոստոսի 5-ի մամուլ


«ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանում ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար մենք պետք է ոչ թե գլխավոր պատճառը գտնենք, այլ հանգենք գլխավոր նպատակին՝ ինչ ենք ուզում բոլորս, ինչպիսի երկիր, ինչպիսի պետություն, ինչպիսի հասարակարգ: Հետո, հանգելով գլխավոր նպատակին, պետք է որոշենք, թե այդ նպատակին հասնելու առաջին քայլը որը պետք է լինի: Այսինքն, մենք պետք է գնանք ոչ թե իրավիճակը ետ շրջելու, այլ նոր իրավիճակ ստեղծելու ճանապարհով, որովհետեւ ետ շրջելու պարագայում մենք ամենեւին չենք միասնականանալու, մեր կարծիքները ամենեւին չեն մեկտեղվելու: Բայց երբ մեզանից յուրաքանչյուրը փորձի տալ այն պատկերը, որ ուզում է ունենալ ապագայում՝ որպես երկիր, որպես երկրի քաղաքացի, ապա մենք կտեսնենք, որ տարակարծությունների, տարբերությունների եւ գունավորումների շրջանակը նեղանում է, եւ մենք կարողանում ենք գտնել այդ կոնսոլիդացիոն նպատակը, մենք տեսնում ենք, թե որքան ընդհանուր շահեր ունենք միմյանց հետ»:

«Ժամանակ»-ի լրագրողը գրում է. - «Իշխանություն - ընդդիմություն բանակցությունների երեկվա հանդիպման ավարտին ուշագրավն այն էր, որ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները տրամագծորեն հակառակ հայտարարություններ հնչեցրին քննարկվելիք հարցերի վերջնաժամկետների հետ կապված: Իշխանության ներկայացուցիչները պնդեցին, թե քննարկումների որեւէ ժամկետ սահմանված չէ: Մինչդեռ ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ` ժամկետները հստակ են, եւ հերթական անգամ այդ մասին հիշեցվել է իշխանության ներկայացուցիչներին: Ակնհայտ է, որ երկխոսության գործընթացը տարբեր կերպ է փորձ արվում ներկայացնել ու օգտագործել: Իշխանությունը, որ նախորդից տարբերվելու, ավելի դեմոկրատ ու տոլերանտ ներկայանալու խնդիր ունի, ընտրությունների նախօրեին միջազգային հանրության համակրանքը շահելու համար պատրաստ է շարունակ հանդիպել ընդդիմության հետ»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի (ՀՀԿ) հետ: Լրագրողը հարցնում է. - «Դուք ասում էիք, որ երկխոսություն չի լինի, պատվիրակություն չի լինի»: Պատասխան. - «Ես հիմա էլ եմ ասում, ասել եմ` տարբեր քաղաքական ուժեր իրար հետ կարող են երկխոսել: Եվ այդպես էլ կա, հիմա տարբեր քաղաքական ուժեր երկխոսության մեջ են մտել: Եվ հիմա էլ համարում եմ, որ սխալ է դա համարել բանակցություն: Ես բացառում եմ Ազգային ժողովի լուծարումը: Առաջին հարցը, որ ներկայացրել է Կոնգրեսը, մերժվելու է, այսինքն` արտահերթ ընտրությունների` ո'չ նախագահի, ո'չ խորհրդարանի, հիմքեր չկան ո'չ քաղաքական, ո'չ իրավական: Մնում է անցնել երկրորդ կետին` կապված ընտրությունների անցկացման թափանցիկության հետ»: Հարց. - «Բայց Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ այդ դեպքում սեպտեմբերին կգնա առճակատման»: Պատասխան. - «Կգնան կամ չեն գնա, չգիտեմ: Իրենց գործն է: Չեմ կարծում, որ որեւէ արտահերթ ընտրություն լինի»:

Կոալիցիա - ընդդիմություն երեկվա հանդիպմանը անդրադառնալով` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ինչի՞ց էր բողոքում ընդդիմության պատվիրակությունը: Հասկանում եք, կոալիցիան չի կատարել «սահմանադրության եւ օրենքներից բխող պահանջը»: Այն է, չի վերացրել հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը կամ չի դադարեցրել հանրահավաքներից առաջ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը: Եվ որպես օրինակ է բերվում օգոստոսի 2-ի հանրահավաքի նախօրեին կեսգիշերին փողոցում թռուցիկներ փակցնող երիտակտիվիստների վրա «ոստիկանության հարձակումը» եւ հանրահավաքի օրը «Հայաստանի մարզերում տրանսպորտի միջոցների աշխատանքի համատարած կազմալուծումը: Այս առիթով տարածած հայտարարությունը եւ բերված «փաստերը» ոչ մի կապ չունեն երկխոսության օրակարգի հետ: Ուրիշ բան, որ նման «ընթացիկ հարցեր» մեջտեղ բերելով, հավանաբար ՀԱԿ-ը փորձում է «100 հազարանոց» հանրահավաքներ ապահովելու հարցի լուծումը եւս դնել կոալիցիայի ուսերին: Երկխոսության սեղանի շուրջ նստելու համաձայնություն տալով՝ ՀԱԿ-ը վարկանիշի կորուստ արձանագրեց, եւ հիմա իշխանությունը պարտավոր է լուծել նաեւ այդ հարցը»:

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Իշխանությունն ասում է, որ արտագաղթն իրականում արտագաղթ չէ, դա ընդամենը ուղեւորահոսքի բալանս է, որը սեզոնային բնույթ է կրում, եւ աշնանը «կդզվի»: Չեմ էլ կասկածում, որ ընտրություններից առաջ նրանք թղթի վրա այնպիսի բալանս «կդզեն», որ Հայաստանում ավելի շատ ընտրող կհայտնվի, քան իրականում բնակչություն կա: Սակայն արտագաղթը իրականում շարունակում է մնալ կարեւորագույն խնդիրների շարքում: Պատճառների մասին բազմիցս է գրվել. սոցիալական ծանր վիճակ, կոռուպցիա, անարդարություն, իշխանությունների կամայականություններ, գործունյա, որոշակի օժտվածություն ունեցող մարդու ինքնարտահայտման անհնարինություն եւ այլն: Բայց ես ուզում եմ խիստ ոչ պոպուլյար հարցադրում անել. պատճառները միայն ա՞յդ կարգի են: Աշխարհում չկա՞ն ավելի աղքատ ու ավելի անարդար երկրներ, որտեղից բնակչությունը, այդ հնարավորությունը ունենալով, այնուամենայնիվ, մեր մասշտաբով չի արտագաղթում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG