Մատչելիության հղումներ

logo-print

ԸԸՀ ձեւավորման հարցում «Կոնգրեսը իշխանության խաղերը չի խաղում»


Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվանից ուսումնասիրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ դառնալու նպատակով ներկայացված 840 դիմումները:

Դիմում ներկայացրածներից 287-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքներով, պետք է մինչեւ օգոստոսի 15-ը նշանակվեն ընտրատարածքային հանձնաժողովների անդամներ: Արդյունքում ձեւավորվելու է 41 ընտրատարածքային հանձնաժողով, յուրաքանչյուրում` 7 անդամ:

Ընտրական նոր օրենսգրքի համաձայն` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, թեեւ դիմում ներկայացնելիս կուսակցական լինելու հանգամանքը չի խանգարում:

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին անցյալ շաբաթ ասել էր, թե Հանրապետականը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք ԸԸՀ անդամներին ընտրելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները առաջնություն չեն տալու իշխանության համար նախընտրելի ներկայացուցիչներին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, մասնավորապես, ասաց. - «Ես չեմ կարող հանձնաժողովի անունից պատասխանել: Եթե նկատի ունեք, թե որպես ԿԸՀ անդամ [ինչպես եմ ընտրելու]` կուսակցական կամ քաղաքական պատկանելությունը իմ նախընտրային քվեարկության ժամանակ դեր չի ունենա, որովհետեւ ես կնայեմ, թե տվյալ դիմումատուն ինչքանո՞վ է ունակ իր անցած փորձով դառնալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ»:

Չնայած ԿԸՀ քարտուղարի հավաստիացումներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ, այժմ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի համոզմամբ` անցյալ ամիս ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իշխանական ներկայացուցիչներից է բաղկացած եւ նրանց նշանակած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները անկախ լինել չեն կարող:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացված է ե՛ւ Հանրապետական կուսակցությունը, ե՛ւ Բարգավաճը, ե՛ւ Օրինացը, ե՛ւ (շատ հետաքրքիր է) նաեւ Դաշնակցությունը` որին համարում էին ընդդիմություն… Յուրաքանչյուրը փորձելու է ներկայացնել այն անդամին, որը առավել «նվիրված» կլինի իրենց կուսակցության սկզբուքներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախկին անդամը:

«Իսկ ինչո՞ւ Հայ ազգային կոնգրեսը որեւէ մասնակցություն չունեցավ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում նախընտրելի ներկայացուցիչներին ներգրավելու հարցում» հարցին ի պատասխան Զոյա Թադեւոսյանը հայտարարեց` «Կոնգրեսը իշխանության խաղերը չի խաղում»:

«Մեր նպատակը նա է, որ հասնենք արտահերթ ընտրությունների մասին որոշմանը, որից հետո պետք է ընտրվեն նոր հանձնաժողովներ: Թող իրենք իրենց իմիտացիան շարունակեն», - պարզաբանեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG