Մատչելիության հղումներ

Նախարարը Աբովյան – Երեւան երթուղում առաջացած խնդիրների համար մեղադրում է Երեւանի քաղաքապետարանին


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի բնութագրմամբ, Աբովյանից Երեւան եւ հակառակը ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղային որոշ գծերի չաշխատելը Երեւանի քաղաքապետարանի անկազմակերպ աշխատանքի հետեւանք է:

Նման հայտարարություն Վարդանյան արեց այսօր` լրագրողների հետ հանդիպմանը:

Արդեն մի քանի օր է, ինչ չեն աշխատում Աբովյանից Երեւան եւ հակառակը ուղեւորփոխադրումներ իրականացնող երթուղային որոշ գծեր:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետի օգնական Մանուկ Հակոբյանն այսօր նշեց, որ 262 համարի երթուղայինը չի աշխատում մոտ մեկ ամիս, իսկ 261 եւ 267 համարի երթուղայինները չեն աշխատում արդեն մի քանի օր:

Արդյունքում Աբովյանը Երեւանի հետ կապող երկու գիծ է մացել` 0 համարի երթուղայինը, որի վերջին կանգառը Երեւանի հյուսիսային ավտոկայարանն է եւ 259 համարի ավտոբուսը, որը գալիս է մինչեւ Երեւանի կենտրոնական ավտոկայարան:

«Ստեղծված իրավիճակը խնդիր է առաջացրել Աբովյանի բնակիչների համար: Աբովյանի բնակչության մի ստվար հատված աշխատում է Երեւանում, սովորում է... սակայն ցավոք` Աբովյանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է հարցի լուծումը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Աբովյանի քաղաքապետի օգնական Մանուկ Հակոբյանը:

Ինչպես առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեցին Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, Երեւանի քաղաքապետարանը, նպատակ ունենալով բեռնաթափել մայրաքաղաքի երթեւեկությունը, առաջարկել է նախարարությանը փոխել մարզերից Երեւան ժամանող տրանսպորտի երթուղագծերը, եւ Աբովյանի պարագայում երթուղայիններին որպես վերջնակետ է առաջարկվել Երեւանի հյուսիսային ավտոկայարանը: Այսինքն` Աբովյանից Երեւան ժամանող երթուղայինները այլեւս իրավունք չունեն Հյուսիսային ավտոկայարանից «ներքեւ իջնել», ինչի արդյունքում չորս երթուղայիններից երեքը որոշել են դադարեցնել իրենց աշխատանքը:

«Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանի մի քիչ անկազմակերպ աշխատանք եղավ, որովհետեւ այդ բոլորը պետք էր նախապես պայմանավորվել: Բայց ինչ-որ տեղ պետք էր կտրուկ արվեր, որը կատարվեց քաղաքապետարանի կողմից», - նշեց տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Նախարարը հավելեց, թե ներկայում իրենք աշխատում են հարցին լուծում տալու համար. - «Երթուղային նոր ցանցը մշակվում է Երեւանի քաղաքապետի պատվերով: Երբ որ Երեւանի քաղաքապետարանում կմշակեն, կուղարկեն, կնայենք` հստակ կկողմնորոշվենք»:
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG