Մատչելիության հղումներ

logo-print

«Եվրատեսիլ»-ը չի կարող անցկացվել մի երկրում, որտեղ քաղբանտարկյալներ կան»


Բաքվում տոնում են Ադրբեջանի հաղթանակը «Եվրատեսիլ-2011»-ում, մայիս, 2011թ.

Բաքվում տոնում են Ադրբեջանի հաղթանակը «Եվրատեսիլ-2011»-ում, մայիս, 2011թ.

«Ազատության երգերն անազատ երկրում». - այսպես է կոչվում ադրբեջանցի իրավապաշտպանների նախաձեռնած քարոզչական արշավը, որի նպատակն է եկող տարվա մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչների, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել երկրում առկա իրավիճակի վրա:

Արշավի նախաձեռնողներն իրենց կոչը տարածել են սոցիալական ցանցերի միջոցով:

Իրավապաշտպան Անար Մամադլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասում է, որ առկա է միանգամից չորս խնդիր, որոնց վրա իրենք ցանկանում են կենտրոնացնել եվրոպացիների ուշադրությունը:

«Նախեւառաջ` մենք ցանկանում ենք, որ բանտերից ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Երկրորդ մեր պահանջն ուղղված է Հանրային հեռուստատեսությանը, որը պետք է ներկայացնի երկրում առկա կարծիքների բազմազանությունը: Մեր երրորդ պահանջը վերաբերում է սեփականության իրավունքի պարբերաբար արձանագրվող խախտումներին: Եվ, վերջապես, մենք պահանջում ենք, որ դյուրացվի Ադրբեջանում գործող վիզային ռեժիմը. մեր երկիր ժամանող բազմաթիվ օտարերկրացիներ բախվում են այս խնդրին», - նշում է իրավապաշտպանը:

Մեկ այլ հեղինակավոր ադրբեջանցի իրավապաշտպան` Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի կարծիքով էլ` ազատ երգերի մրցույթ հռչակված «Եվրատեսիլ»-ի անցկացումը մի պետությունում, որտեղ մինչ օրս քաղբանտարկյալներ կան, պարզապես անհնարին է:

«Եվրատեսիլ»-ը զուտ մշակութային իրադարձություն չէ, սա նաեւ սոցիալ-քաղաքական նշանակություն ունեցող նախաձեռնություն է», - համոզված է Յունուսը:

Ադրբեջանցի իրավապաշտպանները նաեւ նկատում են, որ երկրի հանրային հեռուստատեսությունը, որը Հեռարձակողների եվրոպական միության անդամ է, չի կատարում այդ կազմակերպության առջեւ ստանձնած իր գլխավոր պարտավորություններից մեկը` եթերում բազմակարծության ապահովումը:

Երգի մրցույթին ընդառաջ մեկնարկած այս արշավի կազմակերպիչները նշում են, որ պատրաստվում են հանդիպել «Եվրատեսիլ-2012»-ի կազմկոմիտեի անդամների հետ, դրան զուգահեռ հանրային քննարկումներ են կազմակերպելու, կողմնակիցներին էլ կոչ են անում միավորվել սոցիալական ցանցերի միջոցով:

Կոչին, սակայն, Facebook-ի 400 հազար ադրբեջանցի օգտատերերից վերջին մեկ շաբաթում միացել են միայն 120-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG