Մատչելիության հղումներ

logo-print

Օգոստոսի 4-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Կոալիցիա-ՀԱԿ օգոստոսի 4-ի երրորդ հանդիպման ժամանակ արտահերթ ընտրությունների հա՞րցն եք քննարկելու»: Պատասխան. - «Այո: Բազմիցս ենք ասել ու հիմա էլ հաստատում ենք, որ մեզ համար չկան փակ թեմաներ: Հետեւաբար հերթականությամբ քննարկելու ենք օրակարգում ընդգրկված երկու հարցերի հիմնավորումները, կատարելու ենք հարցադրումներ, ստանալու ենք պատասխաններ, ներկայացնելու ենք մեր հակափաստարկներն ու հիմնավորումները: Քանի որ օրակարգում առաջինը ՀԱԿ-ի մեր գործընկերների հեղինակած հարցն է, նախ այդ էլ կքննարկենք, նոր միայն կանցնենք երկրորդ հարցին»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը հիմնավորում է արտահերթ ընտրությունների խնդիրը. - «Վերջին երեք տարիների ընթացքում Կոնգրեսը հետեւողականորեն աշխատում էր արտահերթ ընտրությունները որպես գործնական խնդիր դնելու անհրաժեշտ հիմքերն ապահովելու համար: Դրանք այսօր այլեւս առկա են: 1. Իշխանությունները այլեւս պատրաստ են նման հանգուցալուծման քննարկման. նրանց եւ Կոնգրեսի պաշտոնական պատվիրակությունները բանակցությունների սեղանին ունեն հենց այդ հարցը որպես հաստատված օրակարգ: 2. Եվրոպական կազմակերպությունները համոզվեցին, որ իրենց հնարավոր առավելագույն (անգամ ` սեփական վարկանիշի վտանգման հաշվին) օժանդակությամբ հանդերձ, Հայաստանի իշխանությունը չկարողացավ ու չի կարողանալու այլ կերպ լուծել ներքաղաքական ճգնաժամի խնդիրը: 3. Լուծված է նաեւ հասարակության մեջ արտահերթ ընտրության գաղափարի հասունացման հարցը: Լուծված է Կոնգրեսի եւ վարչախմբի շնորհիվ: Կոնգրեսը դրան հասավ իր անկոտրում պայքարով սեփական վարկանիշի բազմապատկմամբ, իշխանությունը` համառորեն կառչած մնալով ավազակապետության սկզբունքներին, ոչինչ չանելով ժողովրդի ակնկալիքներին ընդառաջ եւ մինչեւ վերջ ցուցադրելով համակարգի ողջ այլանդակությունն ու վտանգավորությունը»:

Իսկ երկխոսության մասին «Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Այսօր տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրես - իշխանություն երկխոսության երրորդ ռաունդը: Առաջին երկուսն ընդամենը նախապատրաստական փորձեր էին` միմյանց ծանոթանալու, իրար տրամադրությունները շոշափելու, օրակարգ հաստատելու: Անկեղծ ասած` այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մանկահասակ երեխաների երկու թիմ փորձում են իրար «ֆռռացնել»: Ամեն մեկը հույս ունի, որ պրիմիտիվ խաղով կկարողանա անցկացնել իր ուզածը: Կկարողանա ժամանակ շահել, իր ասածն առաջ տանել, համոզել մյուս կողմին: Իսկ եթե այդպես չէ, ապա մանկահասակ երեխաների կարգավիճակում մենք ենք` հասարակությունը, որին փորձում են «ֆռռացնել» այս երկու թիմերը: Իրենց պրիմիտիվ խաղով փորձում են քաղաքական պայքարի իմիտացիա ստեղծել, համոզել, որ հոգ են տանում երկրի եւ ժողովրդի համար: Ազնիվ են իրենց մտադրություններում ու ծրագրերում»:

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Օգոստոսի 2-ի հանրահավաքը, բնականաբար, տոն էր… իշխանության, ինչպես նու ՀԱԿ-ի «չուզող» բազմաթիվ փոքրումեծ կուսակցությունների համար. մասնակցիների թիվը աննախադեպ փոքր էր, ինչը մասամբ բացատրվում էր շոգ եղանակով, մասամբ էլ նրանով, որ Կոնգրեսը առանձնապես ասելիք չուներ. եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրություններ չնշանակվեն, ապա մենք իշխանություններին ցույց կտանք Կուզկինի մորը: Բայց դա արդեն ասվել էր հուլիսի 30-ին կայացած հանրահավաքում, եւ հիշյալ «մորը» սպասողները միջանկյալ հիշեցումների կարիքը չունեին. նրանք կգան հենց սեպտեմբերին, որպեսզի ականատես կամ մասնակից դառնան «վճռական գործողությունների»: Այսքանով հանդերձ` «չուզողների» ուրախությունը եւ չարախնդությունը այնքան էլ հիմնավոր չեն, որովհետեւ նրանք այս պահին 4000 հոգի էլ չեն կարողանա հավաքել»:

«ժամանակ»-ը գրում է. - «Վերջին շրջանում Հայաստանի հասարակական-քաղաքական թեմատիկայի առաջնային դիրքերում է հայտնվել արտագաղթի խնդիրը, որն արդեն հուզում է նույնիսկ իշխանությանը` այն իմաստով, որ իշխանությունն այլեւս չի լռում այդ մասին: Թեեւ իհարկե` խոսելիս էլ նշում է, թե անհանգստանալու բան չկա, եւ ոչ մի աղետալի միտում չի գրանցվել, այդուհանդերձ իշխանության անդրադարձն ինքնին վկայում է, որ խնդիրը հասել է իսկապես ռազմավարական վտանգի աստիճանի: Եթե փորձենք խորքային դիտարկման ենթարկել երեւույթը, ապա կտեսնենք, որ արտագաղթի խնդիրը Հայաստանում խորապես ուսումնասիրված չէ թե' հասարակական, թե' նաեւ պետական մակարդակով: Արտագաղթի պատճառների բազմազանությունը համադրված չէ, դրանց փոխազդեցությունը թերեւս չափված չէ, միտումները պատկերացված չեն: Եթե այդ ամենը լիներ, ապա ներկայումս խնդիրը ոչ թե կհայտնվեր հասարակական-քաղաքական թեմատիկայի առաջին շարքերում, այլ թեւակոխած կլիներ լուծման գործընթաց: Իսկ եթե հայտնվել է քննարկումների առաջին պլանում, նշանակում է լուծման հեռանկարներն են բացակայում եւ այն սկսել է ճնշել անգամ ժամանակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG