Մատչելիության հղումներ

Ծառայակիցներին սպանելու համար զինվորը դատապարտվեց ցմահ ազատազրկման


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից մեկում 2010 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած չորս զինվորների սպանության եւ երեք զինվորների վիրավորելու գործով մեղադրվող զինծառայող Մանվել Հազրոյանը այսօր դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Առաջնային բնագծում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի պատճառը զինվորների միջեւ ծագած վեճն էր:

Ավելի վաղ դատավարության ընթացքում միջադեպի վկաներից մեկի տված ցուցմունքի համաձայն` առաջնագծում հերթապահության ժամանակ կտրվել էր համածառայողներից մեկի ականջակալների լարը, նա էլ ծանր հայհոյանքներ էր տեղացել ականջակալների լարը կտրողի հասցեին: Դեպքից մի քանի ժամ անց Մանվել Հազրոյանը իրեն էր վերագրել այդ հայհոյանքը եւ իրականացրել այդ սպանությունները, ինչը այսօր նա խոստովանեց:

20-ամյա Մանվել Հազրոյանը ծնունդով Հայաստանի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից է:

Այս դատական գործով նախագահողն էր Հայաստանի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Համլետ Դավթյանը:

Դատավճիռը հրապարակելու պահին Մանվել Հազրոյանը ափերից դուրս եկավ, եւ դատավորի հասցեին հայհոյանքներ հնչեցնելով` ձեռքի տակ գտնվող շիշը շպրտեց դատավորի ուղղությամբ: Շուշիի քրեակատարողական հիմնարկի ծառայողները հարձակվեցին Հազրոյանի վրա եւ սկսեցին խփել նրան:

Հազրոյանի փաստաբան Էդմոն Մարուքյանը փորձեց միջամտել, սակայն Շուշիի քննչական մեկուսարանի անվտանգության բաժնի պետը հարձակվեց փաստաբանի վրա եւ փորձեց հրմշտելով դուրս հանել նրան դատարանի դահլիճից:

Միջադեպից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստաբանը հայտարարեց, որ թեեւ չի արդարացնում Մանվել Հազրոյանի վարքագիծը դատարանում, սակայն դրա համար գոյություն ունեն համապատասխան սանկցիաներ, եւ ծեծը, կամ փաստաբանի վրա հարձակվելը դրանց մեջ չի մտնում:

«Սա համարում եմ որպես հրապարակային հաղորդում տեղի ունեցած հանցագործության մասին: Նախ` փաստաբանի գործունեության խոչընդոտում, որի համար համապատասխան կարգով պատիժ կա նախատեսված, եւ նաեւ բռնության գործադրում դատական նիստի դահլիճում իմ պաշտպանյալի եւ իմ նկատմամբ», - հավելեց Էդմոն Մարուքյանը:

Ի դեմս Հազրոյանի` Հայաստանում ցմահ ազատազրկման մեջ գտնվողների թիվը հասավ 101-ի:

Այս դատական գործով նախագահողն էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության:
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG