Մատչելիության հղումներ

Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ ծավալված երկխոսությունը դրական է գնահատվում արվեստագետներից շատերի կողմից:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արվեստաբան Լեւոն Լաճիկյանը նշեց, որ երկխոսությունը համարում է բարձր մշակույթի արտահայտություն` անկախ արդյունքներից:

«Բայց նաեւ ասեմ, որ այսօրվա մեր պայմաններում ես հիշում եմ Գրիգոր Զոհրապի հետեւյալ խոսքը` «գոնե մի ընթացք, շատ կարճ ընթացք, փորձենք երկխոսել, փորձենք իրար հասկանալ»: Այս կտրվածքով, ես գտնում եմ, որ ընդունելի է եւ ողջունելի», - հավելեց արվեստաբանը:

Դերասան Երվանդ Մանարյանն ասաց, որ ներկա էր երեկվա հանրահավաքին, եւ իր կարծիքով վերջին ամիսներին տեղի ունեցած հանրահավաքների այս շարքում ամենանշանակալին Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկ հնչեցրած հայտարարությունն էր այն մասին, որ այս երկխոսությունից շահել է մեր երկիրը, մեր պետությունը. միջազգային ասպարեզում բարձրացել է Հայաստանի հեղինակությունը, որպես քաղաքակիրթ երկիր:

Մանարյանը պարզաբանեց. - «Մենք միշտ ասում ենք, թե այս հանրահավաքները ո՞ւր են հասցնելու մեզ… Հանրահավաքը, եւ ընդհանրապես արմատական ընդդիմության կեցվածքը, հասցնում է նրան, որ ժողովուրդը ձեւավորվում է որպես քաղաքակիրթ հասարակություն, որտեղ կարող են նստել եւ իրար հետ խոսել երկու հակառակ դիրքերում գտնվող ուժեր»:

Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը եւս ողջունելի է համարում այս երկխոսությունը:

«Դրա մեջ լավ բան կա, երբ որ ազգը, մանավանդ այսօրվա աղետային վիճակում ի մի է գալիս: Մնացածը կախված է կողմերի անկեղծությունից…», - նշեց նա: - «Այսօր երկրում իդեաների բացակայություն կա երկրում: Դրա պատճառով է, որ ամենուրեք անկում է` բարոյականության, տնտեսության, սոցիումի, երկիրը դատարկվում է: Սրա հիմքերը, պատճառները պետք է մեկը մյուսին հուշի [երկխոսությանն կողմերը]»:

Արձակագիր Լեւոն Խեչոյանը համոզված է` ժամանակն է, որ կուսակցությունները իրենց բոլոր տարաձայնությունները դնեն մի կողմ եւ մտածեն հայրենիքի մասին. - «Մեր 60-70 միլիոնանոց հակառակորդը չորս կողմից արդեն մեզ շրջապատել է: Մենք ուրիշ տարբերակ չունենք: Հայրենիքի շահից բացի շահ չունենք»:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանի խոսքով, կարեւորը ոչ թե անձերն են, այլ այն կոնցեպտուալ փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն երկրում` ամբողջ համակարգի մեջ:

«Փորձը ցույց է տալիս, որ ժամանակ առ ժամանակ որեւէ անձի հետեւից են գնում, բայց էությունը չի փոխվում: Կարծում եմ սա շատ կարեւոր հարց է, որովհետեւ ժամանակն է, որ մենք հասկանանք, որ փրկիչներ չկան, յուրաքանչյուրի ձեռքում է գտնվում այդ փրկությունը», - կարծիք հայտնեց Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG